Գլխավոր Լրահոս

Քարվաճառյան դիվերսիայի շուրջ

Քարվաճառյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիան, դիվերսանտներից մեկի ձերբակալումը և 17-ամյա քարվաճառցի պատանու անհետացումը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, որոնք կարող էին առաջանալ նախկինում ևս: Համացանցում կարելի է գտնել մի շարք տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանցիները գալիս Քարվաճառ, կատարում նկարահանումներ, այնուհետև դրանք տեղադրում տարբեր հարթակներում: Քարվաճառյան նախկին պաշտոնյա հանդիսացող ընկերս պատմեց, որ տարիներ առաջ իրեն էր դիմել Քարվաճառի բնակիչներից մեկն ու տեղեկացրել, որ անտառային տարածքներում ադրրբեջանցիների է տեսել:

Պաշտոնյան այդ մասին հայտնել էր համապատասխան մարմիններին, որոնք էլ խորհուրդ էին տվել խուճապի չմատնվել, իսկ ադրբեջանցիներին տեսած քարվաճառցին որոշ ժամանակ անց ստիպված էր եղել հեռանալ իր բնակավայրից՝ համապատասխան մարմինների կողմից անընդհատ անհանգստացվելու պատճառով:

17-ամյա պատանու ծնողները վստահ են, որ իրենց որդուն ադրբեջանցիներն են տարել, ինչն ամբողջովին հավանական է թվում:

Քարվաճառը խորհրդային տարիներին աչքի էր ընկնում զարգացած անասնապահությամբ և նույնքան զարգացած անասնագողությամբ: Վարդենիսից, Շահումյանից, ԼՂԻՄ-ից հայերին պատկանող անասունները գողացվում և հաճախ վաճառվում էին մեկ այլ շրջանի հայերի վրա: Քելբաջարի (ներկայիս Քարվաճառի, Նոր Շահումյանի շրջանի) շրջանի նախկին բնակիչներն այս հանգամանքների բերումով շատ լավ գիտեն անտառային արահետները, լեռնային ճանապարհները, տեղանքն ընդհանրապես և դիվերսիա/հետախուզություն կատարող խմբերի համար իդեալական ուղեկցողներ կամ խմբի անդամներ են:

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը բնակչության շրջանում երկյուղ հարուցող ծառայություններից մեկն է՝ իր մասին տարածվող լեգենդներով և բյուջեից հատկացվող հսկայական գումարներով: Այնինչ, իրականում այս խղճուկ կառույցը սեփական քաղաքացիներին գաղտնալսող և հաճախ այդ լսած ինֆորմացիան մշակելու անկարող, մեծամասամբ ոչ կոմպետենտ կադրերից բաղկացած, իր առաքելությունը կատարելու անկարող մարմին է: Վկան՝ ադրբեջանցիների ազատ ելումուտը Արցախի թիկունքային բնակավայրերից մեկում:

Տարիների ընթացքում հնարավոր չեղավ Արցախի ԱԱԾ-ն վերածել մի կառույցի, որից վախենային Ադրբեջանում, սակայն հաջողվել է անել այնպես, որ դրանից վախենան Արցախում:

Ժամանակն է, որ այս մակաբույծ կառույցին հատկացվող գումարների մեծ մասը տրվի բանակի հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումներին՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հսկողությունն ուժեղացնելու, տարբեր հսկիչ սարքեր դնելու, տեղանքին ծանոթ քաղաքացիներին սահմանի հսկողության մեջ ներգրավելու և այլ կարիքների համար:

Ժամանակն է նաև, որ սահմանամերձ շրջանների անասնապահությամբ զբաղվող, անտառներում և լեռներում գործունեություն ծավալող կամ բնակվող քաղաքացիները հնարավորություն ունենան հեշտությամբ զենք ձեռք բերել՝ տարբեր անակնկալներից պաշտպանված լինելու համար:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում