Ադրբեջանական հետախուզական խմբի հայտնվելը հայկական բնակավայրերում, անհետ կորած պատանու և սպանված զինվորականի դեպքերը, հետախուզական խմբի անդամների ձերբակալությունն ու սպանությունը բազմաթիվ վարկածների և քննարկումների տեղիք տվեցին հայկական հասարակության մեջ: Հնչեցին տարբեր մտքեր՝ կոնկրետ առաջարկներից մինչև պարանոյիկ ենթադրություններ: Ցավոք, այդ ենթադրություններ անողների մեջ կային նաև վաստակ ունեցող մարդիկ: Ենթադրությունների հիմքում հաճախ ընկած էր այն միտքը, թե վնասազերծված ադրբեջանցիների վարքագիծը չի համապատասխանում դիվերսիայի կամ հետախուզության դասական կանոններին: Կարծում եմ՝ սա դատողություններ անելու համար սխալ հիմք է, որը կարող է բերել մոլորությունների:
Արցախ-Ադրբեջան սահմանի հյուսիսային մասն աչքի է ընկնում լեռնային և անտառային շերտերով, հակառակորդի տարածք ներթափանցելու վայրերը բավականին շատ են: Ես անձամբ ճանաչում եմ արցախցի որսորդների, որոնք որսի են գնում ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի շրջան, հասնում նախկին հայկական բնակավայրեր և որսից բացի բերում նաև կարևոր տեղեկատվություն: Վստահ եմ, որ մեր բանակի հետախուզական-դիվերսիոն խմբերը նույնպես ժամանակ առ ժամանակ կատարում են թափանցում հակառակորդի թիկունք:
Հետախուզական խմբերի գործողությունները հանրության համար հայտնի են դառնում մեծամասամբ դրանց ձախողման ժամանակ, ինչպես ադրբեջանական այս խմբի դեպքն է: Սակայն հանուն ճշմարտության պետք է նշել, որ ադրբեջանական հետախուզական խմբերի ակտիվ աշխատանքի մասին առնվազն վերջին հինգ տարիների ընթացքում բավարար ինֆորմացիա է եղել, ինչն անտեսվել է համապատասխան ծառայությունների և մարմինների կողմից:
Կարևորագույն խնդիրը, որ լուծում են հետախուզական խմբերը, հակառակորդի ռազմական և ռազմավարական օբյեկտների գտնվելու վայրերի ճշտումն է, ռազմական քարտեզներում դրանց կոորդինատավորումը: Թշնամու հետախուզության ակտիվացումը պատերազմ սկսելու հիմնական նախանշաններից մեկն է: Այլ նախանշաններ, ինչպիսիք են զենքի կուտակումը, տնտեսության ռազմականացումը և այլն, նույնպես առկա են:
Այս դեպքը, ինչպես նաև մեր բանակի հետ կապված այլ ողբերգական դեպքեր ևս, հայաստանյան հասարակության մեջ առաջացրին հերթական փսիխոզը: Այնինչ նման դեպքերում զսպվածությունն ավելի ընդունելի է: Օրինակ` Իսրայելում ընդունված չէ բանակի ձախողման դեպքում քննադատությունների տարափը, իսկ հաջողությունների դեպքում՝ շատ գովքը: Հայաստանում հակառակն է: Նախիջևանում մեր դիրքերի բարելավմանը հաջորդեց այս գործողության գովքը, իսկ քարվաճառյան դիվերսիայի դեպքում՝ մեղադրանքների և քննադատությունների տարափը:
Ցավոք, վերջին տարիներին իշխանության և հասարակության միջև անտագոնիզմն այնքան է մեծացել, որ նման դեպքերում առաջանում է ոչ թե առաջարկներ գեներացնելու և այդ առաջարկների մի մասը կիրառելու պահանջ, այլ միմյանց միջև տարբեր մեղադրանքներ փոխանակելու ցանկություն:
Նոր հետախուզական խմբերի թափանցումները բացառելու նպատակով առաջնահերթ պետք է մի շարք քայլեր ձեռնարկել: Նախ պետք է արագ տեմպերով բնակեցնել առաջնագծի սակավամարդ տարածքները: Այս տարածքների ամայությունը իդեալական պայմաններ է ստեղծում թշնամու համապատասխան ստորաբաժանումների աշխատանքի համար: Առաջնագիծն ամրացնել տեխնիկական նոր սարքերով, տարատեսակ թակարդներով և ծուղակներով: Ստեղծել նոր պայմանագրային ստորաբաժանումներ, որոնց մեջ մեծ տեղ կհատկացվի պատերազմական փորձ ունեցողներին և տեղանքին քաջատեղյակ բնակիչներին: Ստեղծել ոչ դասական ռազմական ստորաբաժանումներ, որոնց մեջ ներառել որսորդների, հովիվների և գործունեության բնույթով տարբեր տարածքների հետ առնչվող անձանց: Աստիճանաբար թշնամուն դուրս մղել 1994թ. զինադադարով հաստատված չեզոք գոտիներից, հետ վերցնել կարևորագույն դիրքերը, առաջնագծում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին տալ ինքնուրույն գործելու, որոշում կայացնելու ազատություն:
Հայկ Խանումյան










