Գլխավոր Լրահոս

Մարշալի պլան Արցախի համար

Հետպատերազմյան հասարակությունները գնում են աննախադեպ համախմբման և ռեսուրսների կենտրոնացման՝ վերականգնելու ավերված երկրները: Հետպատերազմյան վերականգնման փայլուն օրինակ է «Եվրոպայի վերականգնման ծրագիրը», առավել հայտնի Մարշալի պլան անունով, երբ ամերիկյան օգնության շնորհիվ հիմնականում Արևմտյան Եվրոպայի 17 երկրներ հնարավորություն ունեցան ոտքի կանգնեցնել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ավերված ենթակառուցվածքներն ու տնտեսությունը:

Հետպատերազմյան Արցախում, բնականաբար վերականգնման աշխատանքներ տարվել են, սակայն հերիք է համեմատություններ տանել տարածաշրջանի այլ երկրներում ընթացող զարգացման հետ տեսնելու, որ մենք չնչին ջանքեր ու ռեսուրսներ ենք ներդրել այս գործում: Ու բոլորովին էլ համեմատության օբյեկտը Արաբական Էմիրությունների սրընթաց զարգացող քաղաքները չեն, այլ հետխորհրդային հարևան երկրների բնակավայրերը: Նվազագույն չափով է համայն հայության հնարավորություններն օգտագործվել Արցախի զարգացման համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի և այլ խողովակներով հայության ներդրումներն Արցախում չեն գերազանցում տարեկան 30 մլն դոլարը: Այս ամենը փշրանքներ են համեմատած հայության ներդրումային ներուժի հետ:

Տպավորություն է, թե Արցախը համայն հայության ուշադրության կենտրոնում է, այնինչ Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող երկրորդ ճանապարհը կառուցվում է պատերազմից ընդամենը քսան տարի անց, թեև ժամանակն էր, որ Ստեփանակերտը Երևանին կապող երկաթգծի շինարարությունն ընթանար, երկաթգիծ, որ ընդհատվում է հենց ՀՀ-ԼՂՀ սահմանին:

Պատերազմից քսան տարի անց ՀՀ իշխանությունները դեռևս խոսում են տարածք հանձնելու մասին, հայկական տարբեր շրջանակներ իրար հետ վիճում են, թե ինչքան տարածք է հարկավոր հանձնել, և ո՛ր ժամանակն է դրա համար նպատակահարմար: Պատերազմից քսան տարի անց Երևանը սուբսիդավորում է Արցախի բյուջեի մեծ մասը՝ մի քանի տասնյակ հազար աշխատավարձ և թոշակ վճարելու համար: Պատերազմից քսան տարի անց Արցախը վերաբնակեցված չէ, իսկ թերբնակեցված շրջանները լավագույն ցատկահրապարակ են թշնամու դիվերսիոն խմբերի և հակահայկական այլ գործունեության համար:

Պատերազմից քսան տարի անց, Հայաստանի տնտեսությունն գերմոնոպոլիզացված է: Մի՞թե կարող է լինել ավելի մեծ նվեր ամեն օր զինվող թշնամուն, քան հայկական տնտեսության այս խղճուկ վիճակը:

Պատերազմից քսան տարի անց որոշումներ ընդունողների շարքից դուրս են մղվել հաղթանակը կերտած զինվորական և քաղաքական էլիտայի ամբիցիոզ ներկայացուցիչները, և դաշտը մնացել է ամբիցիաներ չունեցող, մանրախնդիր, կոռուպցիոն սխեմաներով գործող գործիչներին, որոնց հեղինակությունը սեփական ժողովրդի, միջազգային հանրության և այլ դերակատարների մոտ ձգտում է զրոյի:

Արցախին հայկական Մարշալի պլան է պետք՝ երբեմնի ենթակառուցվածքները վերականգնելու, նորերը ստեղծելու, տնտեսական և ենթակառուցվածքային հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար: Վստահաբար, համապատասխան մթնոլորտի դեպքում համայն հայության ռեսուրսները կուղղվեն Արցախ: Սակայն հայկական Մարշալի պլանից առաջ Հայրենիքում և Սփյուռքում նոր սերունդ է պետք՝ հավակնոտ և նպատակասլաց, համաշխարհային մասշտաբի գործերի ունակ, զերծ մերօրյա էլիտայի մանր գործերից և չարչիական մտածելակերպից: Հայաստանի, այդ թվում՝ Արցախի զարգացումը հենց այս սերնդից է կախված: 

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում