Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ ռազմական տեխնիկա և զինամթերք վաճառելու փաստը տարիներ շարունակ տարօրինակ կերպով էր մեկնաբանվում պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի կողմից: Ակնհայտ է, որ Բաքվին վաճառված զենք-զինամթերքը, որոնց մեջ կան նաև զանգվածային ոչնչացման զինատեսակներ, ուղղված է հայության և մասնավորապես Արցախի բնակչության դեմ: Սակայն չգիտես ինչու Ստեփանակերտում և Երևանում հայտնվում են գործիչներ, որոնք փորձում են արդարացնել Մոսկվայի այս քայլերը: Ռուս-ադրբեջանական ամեն մի գործարքից հետո այդ գործիչները զբաղեցնում են մամուլի էջերն ու հեռուստաէկրանները՝ «հանգստացնելու» ժողովրդին, որ այդ գործարքներն ընդամենը բիզնես են, իսկ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումն ուղղված չէ Արցախի կամ ՀՀ-ի դեմ:
Վերջին օրինակը կապված է Ռուսաստանի կողմից Բաքվին ռազմաուսումնական «ՅԱԿ-130» ինքնաթիռների մատակարարմանը և դրան պաշտոնական Ստեփանակերտի արձագանքին: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը Մոսկվայի քաղաքականությունը կրկին վերագրել է բիզնես հարաբերություններին և խորհուրդ տվել սառնասրտորեն մոտենալ: Պաշտոնական Ստեփանակերտի այս մոտեցումը որևէ տրամաբանության չի ենթարկվում: Համաշխարհային պատմության մեջ վարքագծի նման դրսևորումների օրինակներ թերևս հնարավոր չէ գտնել։
Հունիսին իր լատինամերիկյան այցի ժամանակ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում Clarin թերթին տված հարցազրույցում անակնկալ հայտարարեց, թե ցավալի է այն փաստը, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Սա ամբողջովին տարբերվում էր երկար ժամանակ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը վերաբերող հայաստանյան պաշտոնական արձագանքներից: Սարգսյանի այս հարցազրույցից հետո մի շարք գործիչներ, ինչպիսիք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն են, նույնպես քննադատեցին Ռուսաստանին՝ ռազմավարական գործընկերոջը ոչ վայել վարքի համար:
Սակայն Սերժ Սարգսյանի հարցազրույցն իր ազդեցությունը Ստեփանակերտում կարծես դեռ չի ունեցել, և Բակո Սահակյանի մամլո խոսնակը շարունակում է նախորդ տարիների ոգով արձագանքել հակահայկական գործարքներին:
Իրականում ամբողջ խնդիրը Ստեփանակերտի մեջ է. ԼՂՀ նախագահի աշխատակազմում հայտնվել են մարդիկ, որոնք չեն կարողանում գիտակցել և ձևակերպել սեփական երկրի շահը: Խնդրի երկրորդ կողմն էլ կա՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմում բավական շատ են ռուսական կրեատուրա հանդիսացող անձինք, որոնք և խոչընդոտում են Արցախի շահերից բխող մտահոգությունների արտահայտմանը:
Արցախյան հասարակության կոպիտ արձագանքն է պետք պաշտոնական Ստեփանակերտի նմանատիպ պարզաբանումներին: Բակո Սահակյանն ու նրա աշխատակազմն անցնում են թույլատրելի գծերը:
Հայկ Խանումյան










