Գլխավոր Լրահոս

Սահմանի տերերը

Սահմանի տերերը

Չորս ուղղահայց գիծ, չորս հորիզոնական ու վերևից՝ երկու եռանկյունի... Փոքրիկ Սուրենիկը տնակ էր նկարում: Համակարգչով: Հարց էինք տալիս, խոսեցնում: Չէր պատասխանում: Իր տունն էր կառուցում, պատերն էլ ներկում ներկապնակի ամենավառ գույներով՝ կարմիր, դեղին, վարդագույն… Սուրենիկի նկարած տունը համաչափ էր, ամուր (երևի նաև խաղաղ էր այդտեղ՝ համակարգչում…): Համակարգչի ստեղնաշարը ցելոֆանե պատյանի մեջ էր, իսկ սենյակի պատերը, ի տարբերություն նկարի տան, գունավոր չէին, մգացած սպիտակին ընդգծվում էին բազմաթիվ մեծ ու փոքր փոսերը: Վերջին օրերին հատկապես շատացել են փամփուշտների ու բեկորների հետքերը...

Ողջ օրը սահմանամերձ Այգեպար ու Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում անցկացնելուց հետո միայն երեկոյան հասկացա, թե որտեղ էինք: Առաջին կրակոցը ուշադրությունից բաց թողեցի ֆրանսիացի գործընկերոջս հետ զրույցի ժամանակ: Մեր օպերատորն ինձ հուշեց կրակոցի մասին:

Համակարգչի ստեղնաշարը ցելոֆանե պատյանի մեջ էր, իսկ սենյակի պատերը, ի տարբերություն նկարի տան, գունավոր չէին...

Հաջորդ մի քանիսն արդեն ինքներս ճանաչեցինք: Նույնիսկ հասկանալի էր, որ տարբեր զենքերի ձայներ էին: Հետո խաղաղվեց: Խանութի վաճառողուհին արագ ահազանգեց բարեկամներին.

- Սկսեցի՜ն, կրակու՜մ են,- կողպեց խանութի դուռն ու տուն գնաց:

- Կրակը պրծնի, եկեք մեր տուն,- հարևանուհու տնից դուրս եկող կինը երեխաների հետ նստեց ամուսնու մեքենան ու տուն գնաց: Փողոցում մնացին միայն մի քանի երիտասարդ, մի քանի տղամարդ ու մեր նկարահանող խումբը: Երիտասարդները թղթախաղի շուրջ կատակներ էին անում բաց բակում՝ ադրբեջանական դիքերից ընդամենը մի քանի ծառի ճյուղով պաշտպանված.

-Որ մեզ կրակեն, կգնանք պատի հետևը,- կիսածիծաղ ցույց տվեցին մանկապարտեզի շենքը:

Խաղում էին ու հեգնում` փամփո՞ւշտը, վտա՞նգը, կյա՞նքը...

Գյուղացի երիտասարդներից շատերի մի գրպանում ծխախոտն էր, մյուսում՝ գետնից գտած փամփուշտները: Առօրյա իրի պես գցում են գրպաններն ու քայլում, հասնում տուն ու ըստ չափսի դասավորում պահարանի վրա, կամ, եթե հավաքածուն մեծ է՝ հատուկ տուփերի մեջ: Հաշվելը, մրցելն ու համեմատելն նրանց արդեն չի ոգևորում:

-Փոքր ավտոմատը մեզ հետաքրքիր չի,- ասում են ու մեծ փամփուշտները ցույց տալիս:

Նախկին կամ ապագա զինվորներ են: Ինձ պես, ինձ հավասար՝ երկրի տերեր: Բայց աչքերում վստահության ու հանգստության փայլ կա, որ միայն իրենց է հատուկ (դա ոչ հայելու մեջ եմ տեսել, ոչ էլ քաղաքի փողոցներում): Հակառակորդի նշանի տակ իրենց ամենօրյա գոյության, փոշոտ ճանապարհով ամեն օր անցնելու, այգի մշակելու, քնելու, զարթնելու ու կրակոցների ժամանակ կատակներով զրույցներ վարելու հանգստության գինն իրենք գիտեն միայն ու իրենց ծնողների կնճիռները…

Գյուղացի երիտասարդներից շատերի մի գրպանում ծխախոտն էր, մյուսում՝ գետնից գտած փամփուշտները:

«Ջահել եք, դուք գնացեք, գլխներիդ ճարը տեսեք, մենք կմնանք»,- գյուղի տարեցները պատրաստ են երկիրը անզեն ափերով էլ պահել, պատրաստ են նաև կռվել, եթե զենք լինի, բայց գյուղացու կյանքն ու բերքը վտանգելու, ուղիղ կրակի տակ առնելու չարությունը չեն կարողանում հասկանալ:

-Երկու ոտքանի գազան տեսե՞լ ես: Սրա՜նք են,- անդադար կրկնում էր 90-ն անց սևազգեստ տատիկը։ Որսում էր նորեկների հայացքն ու կրկնում: Պատասխան չէր ակնկալում, չէր էլ զարմանում, որ ֆրանսիացի գործընկերս շփոթված նայում էր դեմքին ու ոչինչ չէր ասում:

Պատասխան չեն ակնկալում ոչ մեկից: Հարցերն էլ հռետորական են: Բողոքը՝ անհասցե: Պահանջը մեկն է՝ խաղաղություն՝ թե մե՛զ, թե՛ իրենց համար. այսպես ապրելն արդեն անհնար է դառնում…

-Երկու ոտքանի գազան տեսե՞լ ես: Սրա՜նք են,- անդադար կրկնում էր 90-ն անց սևազգեստ տատիկը։

***

Սուրենիկը Ներքին Կարմիրաղբյուրում է ապրում: Երեք օր առաջ ջերմում էր: Երբ լսեց հակառակորդի կողմից եկող կրակահերթը, երկու եղբայրների հետ փախավ առաջին հարկի մութ սենյակը: Մեծ եղբայրը սեղանը հենեց պատուհանին՝ որպես պատնեշ, ապա դոշակ փռեց հատակին՝ պահարանի ու հեռուստացույցի միջև, որպեսզի հիվանդ եղբայրը փափուկ տեղ ունենար պատսպարվելու: Բայց դոշակն էլ չօգնեց: Սուրենիկը` ջերմությունից, թե վախից, մի քանի ժամ տևած կրակահերթի սարսափելի հռնդյունը լսեց կիսագիտակից ցնցումների միջից…

Հիմա ավելի լավ է զգում իրեն, բայց չի խոսում մեզ հետ: Մայրը դպրոցում դասվար է, հազիվ է կարողանում արձակուրդային օրերին տան ողջ տարվա գործերը հասցնել: Կրակոցների ժամանակ պահածո էր փակում: Չհասցրեց: Հիմա տան եղած-չեղածը երկրորդից առաջին հարկ է տեղափոխում, սպասքն է տուփերով իջեցնում, փորձում հարմարություններ ստեղծել կիսանկուղային սենյակներում:

Իսկ Սուրենիկը դեռ երկրորդ հարկում է՝ համակարգչում թաքցրած իր ապահով ու գունավոր տանը…

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում