Գլխավոր Լրահոս

Ալիևներին ստիպել երանի տալ Յունուսներին

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն` գիտնական Արիֆ Յունուսին, պաշտոնական Բաքուն Հայաստանի և Արցախի օգտին լրտեսությամբ զբաղվելու մեղադրանք է ներկայացրել: Այն, որ մտացածին մեղադրանքներով Ալիևի ռեժիմը հաշվեհարդար է տեսնում իրեն փոքր ինչ քննադատողներին, ակնհայտ է, սակայն հետաքրքիրը մեղադրանքում առկա ձևակերպումներն են: Ըստ դրանց՝ Լեյլա և Արիֆ Յունուսները միջազգային դրամաշնորհներն օգտագործել են Ադրբեջանի քաղաքացիներին հավաքագրելու, իսկ ժողովրդական դիվանագիտությամբ զբաղվելը՝ լրտեսական գործունեությունը ծածկելու համար: Մեղադրանքում նաև նշվում է, որ Յունուսները քարոզել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ խորհրդային տարիներին ԼՂԻՄ կազմի մեջ չմտած, բայց այժմ Արցախի մաս հանդիսացող շրջանների Ադրբեջանին հանձնման դիմաց:

Վերջին մասն այս պատմության ամենահետաքրքիր կողմն է: Յունուսները պատկանում են ադրբեջանական մտավորականության այն խմբին, որոնք կարծում են, որ Ղարաբաղը մեկընդմիշտ կորած է Ադրբեջանի համար և հարցի լավագույն լուծումը կարող է լինել արցախցիների ինքնորոշման իրավունքի ճանաչումը՝ տարածքային զիջումների դիմաց: Այս կարծիքը պաշտպանող ադրբեջանական մտավորականություն գոյություն ունի հատկապես ապշերոնյան պետության սահմաններից դուրս, առավելապես Ռուսաստանում: Յունուս ամուսիններին բանտ նետելով՝ Բաքուն հասկացնում է այս մտավորականներին և նրանց պես մտածող ադրբեջանցիներին, որ Ղարաբաղի հարցում որևէ զիջողական միտք անգամ դավաճանություն է՝ ենթակա պատժի ալիևյան ռեժիմի կողմից:

Յունուսների կարծիքը վտանգավոր էր տարիներ շարունակ վարվող քարոզչության համար, որի համաձայն` Ադրբեջանը կատարում է մեծաքանակ ռազմական գնումներ և հսկայական գումարներ ծախսում բանակի վրա՝ Ղարաբաղը վերանվաճելու համար: Ամբողջ Ղարաբաղը, և ոչ մի թիզ պակաս: Փոխզիջումների մասին խոսելը, ինչը փաստորեն անում էր ադրբեջանական մտավորականության մի մասը, համարվում էր դավաճանություն:

Կարծում եմ, որ Յունուսների հետ կապված այս պատմությունը կարևոր ուղերձներ է պարունակում նաև հայկական հասարակությունների համար: Իսկ ամենակարևորն այն է, որ Ադրբեջանը Ղարաբաղի հարցում ընտրել է «ամբողջը կամ ոչինչ» սկզբունքը: Մեր հասարակությունների գերագույն ջանքը պետք է ուղղված լինի նրան, որ Ադրբեջանը ստանա ոչինչը: Մեր հասարակությունները պետք է հասկանան, որ պետք չէ խոսել փոխզիջումների, տարածքների հանձնման մասին կամ ունենալ պարտվողական տրամադրություն: Դրանք միայն ոգևորում են թշնամուն, թույլ տալիս նրան սանձարձակ վարք դրսևորել հայկական պետությունների հետ սահմաններում: Այդ ամենի գինը թշնամու դիվերսիոն գործողությունները չեզոքացնելիս զոհված մեր զինվորների կյանքն է:

Հայկական հասարակություններն Արցախի հարցում պետք է ունենան անզիջում կեցվածք, ինչը հարկավոր է ուղեկցել ԼՂՀ տարածքում զարգացման տարբեր ծրագրերի իրականացմամբ և վերաբնակեցմամբ ակտիվ քաղաքականությամբ: Միայն այս դեպքում Ալիևների ռեժիմը երանի կտա Ղարաբաղի հարցում Յունուսների առաջարկած տարբերակներին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում