Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր զորակցությունն է հայտնում սահմանապահ զինվորներին և զոհված մարտիկների ընտանիքներին։ Այս մասին ասված է Մայր աթոռի մամուլի դիվանի տարածած հաղորդագրությունում։
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնում հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների ընտանիքներին և մերձավորներին։ «Խորապես սգում ենք հայրենյաց սահմանների պաշտպանության համար զոհված հայորդյաց մահը: Մեր սիրելի, հերոս զավակները քաջարի ոգով դիմակայեցին հակառակորդին՝ ապահովելու մեր երկրի ու ժողովրդի անդորրը: Նրանց անունները միշտ աղոթքով պիտի հիշվեն հայորդյաց շուրթերին, և նրանց անմահ հիշատակի առջև սերունդներ պիտի խոնարհվեն»,- ասվում է Վեհափառ Հայրապետի ուղերձում:
Ամենայն հայոց կաթողիկոսը նաև իր օրհնությունն է բերում հայոց աշխարհի սահմանները պաշտպանող զինվորներին` մաղթելով, որ ամենախնամ Աստված պահապան լինի նրանց՝ ապահովության մեջ շարունակելու իրենց նվիրյալ ծառայությունը հայրենաբնակ մեր ժողովրդի խաղաղ և բարօր կյանքի համար:
Նորին Սրբության տնօրինությամբ առաջիկա կիրակի [օգոստոսի 10] հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան պաշտոն զոհված հերոսների հոգիների խաղաղության և հանգստության համար, տեղի կունենան այցելություններ նրանց ընտանիքներին։
Գարեգին Բ-ն օգոստոսի 5-ին նամակ էր հղել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին` կոչ անելով ջանքեր գործադրել, որպեսզի երկրի իշխանությունների կողմից չվտանգվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է: Շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել ԵԱՀԿ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ը։
Civilnet











