Լուսանկարը` PanArmenian.Photo-ի
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի` ղարաբաղյան ուժերի ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գծի երկայնքով:
«Մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ: Թռիչքները պայմանավորված են ստեղծված օպերատիվ իրադրությամբ»,- ասված է ԼՂՀ ՊՆ հայտարարությունում:
Օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդը Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղությամբ, ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, որի ընթացքում տալով մեկ զոհ (Սահիլ Յաշարօղլու Թառլանլը) և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:
Վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է։ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել է: Սաստկացել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը ադրբեջանական կողմից:
Civilnet











