Տեսարան Այգեպար գյուղից:
Երեկ երեկոյան և այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության մի քանի տեղերում՝ խախտելով հրադադարի ռեժիմը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: Հայկական կողմի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն նրանց դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցրել են:
«Կրկին զգուշացնում ենք, որ միջադեպերի և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծում, սակայն, իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, հաղորդել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
Վերջին երկու շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի ողջ երկայնքով մի շարք բախումներ էին եղել, որոնց արդյունքում շուրջ երեք տասնյակ զոհ է եղել երկու կողմից, առավելապես՝ ադրբեջանական:
Civilnet











