Օգոստոսի 12-ի գիշերը և առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականության նվազման միտումը պահպանվել է:
Օգոստոսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է անկանոն բնույթի ավելի քան 100 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ չի բացվել: Հայկական կողմից տուժածներ չկան:
«ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:
Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան խնդիրը և կարևորվել դրա խաղաղ կարգավորումը:
Վերջին երկու շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի ողջ երկայնքով մի շարք բախումներ էին եղել, որոնց արդյունքում շուրջ երեք տասնյակ զոհ է եղել երկու կողմից, առավելապես՝ ադրբեջանական:
Civilnet











