2014թ. ամառվա սահմանային միջադեպերը վեր հանեցին մի շարք խնդիրներ, որոնք չէին առաջանա, եթե հայկական հանրապետությունների քաղաքական և ռազմական ղեկավարներն ականջալուր լինեին վերլուծաբանների և նախկին հրամանատարների խորհուրդներին: Հուզական պահն արդեն անցել է, և ժամանակն է ուսումնասիրել երկու շաբաթվա մեջ առաջացած խնդիրները, նամանավանդ, որ մարտական հերթապահության մեկնած պահեստազորի անդամները և սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հստակ նկատել են այդ խնդիրները:
Առաջին կարևոր բացթողումը, որն առկա է զինադադարից հետո 20 տարվա ընթացքում, քաղաքացիական պաշտպանության թերի, գրեթե գոյություն չունեցող վիճակն է: Բազմիցս է խոսվել Արցախում և ՀՀ սահանամերձ բնակավայրերում ապաստարանների ստեղծման անհրաժեշտության մասին: Թեև նոր ապաստարանների ստեղծումը հսկայական ծախսեր է պահանջում՝ պաշտոնական Ստեփանակերտը և Երևանը պետք է ամեն ջանք գործադրեն արդի ապաստարանների կառուցման համար: Մարդկային կյանքն ավելին արժե, քան ապաստարանների վրա ծախսվելիք գումարը: Մյուս կողմից` ապաստարանների առկայությունը թույլ կտա բնակչությանն ավելի ինքնավստահ զգալ լարվածության պահերին:
Երկրորդ կարևոր բացթողումը պահեստազորի հետ ոչ բավարար զորահավաքներ անցկացնելն է: Առաջնագծում վիճակի լարվելու հետ կապված պահեստազորի հարյուրավոր զինծառայողներ մեկնեցին մարտական հերթապահության: Նրանց մի մասը ձեռքը զենք չէր վերցրել մեկ ու կես տասնյամակից ավելի: Սա ստեղծում է լուրջ խնդիրներ, կարող է հանգեցնել ողբերգական դեպքերի: Այնինչ պատերազմական փորձ ունեցող հրամանատարները բազմիցս առաջարկել են տարեկան երկու անգամ մեկշաբաթանոց հավաքներ անցկացնել ամբողջ պահեստազորի համար, որը կընթանա ինչպես ուսումնական դաշտերում, այնպես էլ մարտական հերթապահության մեջ: Թիկունքային ծառայություններն անընդհատ պատրաստ կլինեն հավաքի մասնակիցներ ընդունելու, և հարյուրավոր պահեստազորի զինծառայողների ներգրավումը մարտական հերթապահության մեջ չի առաջացնի խնդիրներ տարբեր ծառայությունների համար: Բազմիցս նշվել է, որ Արցախը հզոր է իր պահեստազորով, քանզի դրա մեծ մասը պատերազմական փորձ ունեցող վետերաններ են: Սակայն տարիները նրանցից շատերին շարքից դուրս են մղում և պահեստազորում ավելանում են պատերազմից հետո բանակում ծառայածները: Այս կատեգորիաների հետ մշտական աշխատանքը, ինչպես համակարգված հավաքներն են, կարևոր նշանակություն ունի բանակի մարտունակության համար:
Այս ամենի մանրամասն նկարագրությունը ներկայացվել է իշխանություններին, սակայն լուրջ քայլերն այս ուղղությամբ բացակայում են: Մնում է հուսալ միայն, որ ամառային միջադեպերից իշխանությունները դասեր կքաղեն և կձեռնարկեն բնակչության անվտանգության բարձրացման քայլեր:
Վերոնկարագրյալ այս երկու տարրական բաղադրիչները բնակչության անվտանգության ապահովման նախադրյալներից են, լարված պահերին բարձ կազմակերպված հասարակություն ունենալու հիմք:
Հայկ Խանումյան










