Սեպտեմբերի 1-ը ոչ միայն տոնական տրամադրությունների օր է, այլև կրթության խնդիրների մասին խորհրդածելու հարմար առիթ: Հատկապես Արցախում, որտեղ կրթության ցածր մակարդակը լուրջ խնդիրներ է ստեղծում նաև կենսաապահովման տարբեր ոլորտներ որակյալ կադրերով ապահովելու հարցում: Կրթության ոլորտի արցախյան պատասխանատուները նույնպես խոստովանում են, որ խնդիր ունեն որակյալ մանկավարժական կադրերի հարցում, հատկապես բնագիտական առարկաների գծով հաճախ դպրոց են մտնում միջինից ցածր մասնագիտական գիտելիքների տեր անձինք, որոնք հիմնականում բուհ են ընդունվել մրցակցության բացակայության պայմաններում՝ վաստակելով նվազագույն անցողիկը:
Այսօր ստեղծվել է նաև մի վիճակ, երբ բնագիտական որոշ առարկաների գծով արցախյան բուհերն ընդունելություն չեն իրականացնում: Բնագիտական/տեխնիկական մասնագիտությունները, չնայած անընդհատ աճող պահանջին, ժողովրդականություն չեն վայելում արցախյան հասարակության մոտ:
Իմ կարծիքով` սրանք էական խնդիրներ են, որոնք Արցախում զգալիորեն խոչընդոտում են նաև տնտեսական աճը: Երկրում գոյություն ունի գիտելիքի խնդիր, որը ժամանակի հետ լուծվելու փոխարեն, ավելի է մեծանում: Սրա պատճառը սերտորեն կապված է կրթության համակարգի անարդյունավետ կառավարման և արատավոր մոտեցումների հետ:
Ամենամեծ արատավոր մոտեցումն այն է, որ կրթական ամբողջ համակարգը, թե՛ հանրակրթությունը, թե՛ բուհական համակարգն ամբողջությամբ դիտվում են ոչ թե գիտելիք փոխանցելու, կրթելու օջախներ, այլ՝ աշխատատեղեր: Սրա պատճառով հաճախ կրթական համակարգում ներառվում են ոչ կոմպետենտ կադրեր, որոնցից ձերբազատվել հետագայում ևս հնարավոր չի լինում: Այս վիճակն ամբողջովին ձեռնտու է իշխանություններին, քանզի կարողանում են օգտագործել աշխատանքից ազատելու շանտաժը «խելոք չմնալու դեպքում»: Համապատասխան ունակություններ չունեցող ուսուցիչը կամ դասախոսը (և ոչ միայն նրանք) կարող են զրկվել աշխատանքից առաջին իսկ ատեստացիայի դեպքում: Հետևաբար ոչ կոմպետենտ կադրերն ապահովում են ամենամեծ լոյալությունն իշխանություններին, իսկ կրթական օջախն աշխատատեղ դարձնելու հարցում ամենաշահագրգիռ կողմն Արցախի իշխանություններն են:
Կարևոր խնդիր է նաև կրթության ոլորտի ղեկավարումը: Անարդյունավետ, մեծ բյուրոկրատիայով, պատասխանատվություն ստանձնելու անընդունակ այս համակարգին հարկավոր է էական ապակենտրոնացում: Մեծ պատասխանատվություն և լիազորություններ պետք է տրվեն դպրոցի տնօրեններին: Շրջանային կրթության բաժիններն ավելորդ օղակ են կրթության համակարգում: Դպրոցների գերկենտրոնացված կառավարումը, ինչը նաև ՀՀ-ում է բացակայում, զգալիորեն բարդացնում է կրթական կառավարման խնդիրները:
Բնագիտական առարկաների բարձրորակ մասնագետներ հարկավոր է հրավիրել ՀՀ-ից՝ լրացուցիչ վարձատրություն և կացարան ապահովելու պայմաններով: Չի կարող երկիրը տարիներ շարունակ ֆիզիկա առարկայից դիմորդ չունենալ, սա արդեն կրթության ձախողման ցուցիչ է:
Հայկ Խանումյան










