Գլխավոր Լրահոս

Հզորանալու և փլուզման միջև

Հզորանալու և փլուզման միջև

ՀՀԿ խորհրդի նիստի իր ելույթում այդ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը տվել է թեժ աշնան մեկնարկը: Իշխանական կուսակցության ղեկավարի ելույթից պարզ է դառնում, որ վերջինս ամեն գնով ուզում է գնալ սահմանադրական փոփոխությունների՝ սեփական թիմի իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակով: Թեժ աշնան մասին սովորաբար խոսում են ոչ իշխանական քաղաքական ուժերն ու քաղաքական մեկնաբանները, սակայն դրա սկիզբը փաստորեն տվեց իշխող կուսակցությունը: Այսպիսով աշունը թեժ է լինելու ոչ թե իշխանական կուսակցության, այլ հասարակության համար:

Իշխանության կողմից հասարակության անօրինակ արհամարհումը, ներուժ ունեցող քաղաքական ու քաղաքացիական միավորումների վարկաբեկումը, իշխանության հետ տարբեր ուժերի գործարքները զգալիորեն թուլացրել են հայաստանյան հասարակությունը՝ ՀՀԿ-ի ղեկավարությանը թույլ տալով մտածել այնպես, ինչպես մտածում են հարևան Ադրբեջանում՝ անել ամեն ինչ մեկ խմբի ձեռքում իշխանությունը պահելու համար: Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 6-ի ելույթը հայաստանյան հասարակությանը նետված լրջագույն մարտահրավեր է՝ հասարակությունը վերջնականապես ոչնչացնելու ուղերձ: Երկիրը մեկ կուսակցության տիրապետության տակ մտցնելու ծրագիրը հաջողացնելու դեպքում Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացումը կբացառվի առնվազն առաջիկա տասնամյակի կտրվածքով:

Հայաստանյան խիստ անտագոնիստական հասարակությունը կա՛մ պետք է ընդունի այս մարտահրավերը՝ լուծելով ինքնագոյատևման խնդիր ու հնարավորություններ ստեղծելով երկրի զարգացման համար, կա՛մ պետք է ոչնչանա՝ դառնալով հիշողություններով ու խոհափիլիսոփայական մտորումներով ապրող վտարյալ ու անընդունակ միավորման որևէ գործնական քայլի:

Հայաստանում մի քիչ դժվար է պատկերացնել որևէ հարցի շուրջ լայն համախմբում, քանզի անտագոնիզմը տարբեր ուժերի միջև միշտ առկա է և անընդհատ խորացվում է անգաժավորված մամուլի կողմից, իսկ որոշ ուժեր էլ տառապում են հասարակության ավերակների վրա ոտքի կանգնելու հիվանդագին ձգտումով: Հետևաբար հասարակության փլուզումը որոշ ուժերի նույնիսկ ձեռնտու է:

Մեծ ջանքեր, ռեսուրսներ և կամք է հարկավոր մի կողմ դնելու այս անտագոնիզմը և միավորվելու ընդդեմ երկրի միակուսակցականացման սերժսարգսյանական քաղաքականության դեմ: Այս կամքը պահանջվում է թե՛ կուսակցություններից, թե՛ քաղաքացիական տարբեր խմբերից, թե՛ առանձին ակտիվիստներից ու մեդիա դեմքերից: Իշխանությունը, իշխող խմբավորումը բավականին ուժեղ է, այն ունի գործարքներով հրապուրելու, կաշառելու, վախեցնելու, հանրային կարծիքը մանիպուլացնելու մեծ պաշարներ: Այս իշխանությանը էական զիջումների դրդելու, հասարակության կարծիքի հետ հաշվի նստեցնելու համար պահանջվում են որակներ, որոնք վերջին տարիներին բացակայել են:

Սա մի գործընթաց է, որից հասարակությունը կա՛մ դուրս կգա ուժեղացած ու հնարավորություններ կստեղծի երկրի զարգացման համար, կա՛մ էլ ուղղակի կոչնչանա՝ արագացնելով պետականության փլուզումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում