Գլխավոր Լրահոս

Ինքնորոշման իրավունքը՝ միջազգային հանրության պարտականություն

Շոտլանդացիների մեծամասնությունը որոշեց մնալ Բրիտանական թագավորության կազմում: Թեև վերջին տարիներին Շոտլանդիայի ազգային կուսակցությունն ամեն ինչ արել էր, որ անկախականների թիվն ավելանա, պաշտոնական Լոնդոնն էլ պատրաստ էր ճանաչել անկախության հանրաքվեի յուրաքանչյուր արդյունք, այնուամենայնիվ շոտլանդացիները որոշեցին պահպանել Միացյալ թագավորության ամբողջականությունը: Չնայած հանրաքվեի արդյունքին՝ աշխարհում մեկ անգամ ևս հստակ իրացվեց ազգերի ինքնորոշման իրավունքը:

Նման դեպքերում սովորաբար զուգահեռներ են անցկացվում այլ հանրաքվեների հետ, համեմատվում անջատման տարբեր գործընթացներ: Եվ պատահական չէ, որ այս օրերին համեմատվում են նաև Արցախն ու Շոտլանդիան: Սակայն այս երկու դեպքերի միջև էական տարբերություն կա: Շոտլանդիան Միացյալ թագավորության հիմնադիր երկրներից մեկն է, 1707թ. անգլիական և շոտլանդական թագավորությունները, համաձայն երկու երկրների խորհրդարաններում հաստատված պայմանագրի, միաձուլվել էին՝ ստեղծելով Մեծ Բրիտանիան: Ոչ ոք շոտլանդացիներին Անգլիայի կազմի մեջ չէր մտցրել, Անգլիան Շոտլանդիան չէր նվաճել: Պահպանել Մեծ Բրիտանիան, թե առանձնանալ՝ որոշելու էին շոտլանդացիները: Մեծ Բրիտանիայի կազմում մնալով՝ շոտլանդացիների գլխին ոչնչանալու վտանգ կախված չէր:

Ամբողջովին տարբեր է Արցախի դեպքը: Կամայական որոշմամբ հայկական այս տարածքը կցվել էր Խորհրդային Ադրբեջանին, Հայաստանին միանալու պահանջի ի հայտ գալու ժամանակ՝ 1980-ականների վերջից, Արցախի հայությունը հայտնվել էր ֆիզիկական ոչնչացման եզրին, և միայն զինված պայքարի, Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում հաղթելուց հետո հնարավոր եղավ պահպանել ֆիզիկական գոյությունը և ի կատար ածել 1991թ. հանրաքվեի արդյունքները՝ ստեղծել անկախ պետություն:

Այս առումով հետաքրքիր է մի շարք քաղաքագետների և միջազգային իրավունքի մասնագետների մեկնաբանությունները ինքնորոշման իրավունքի մասին, համաձայն որի՝ եթե ինքնորոշման իրավունքը յուրաքանչյուր ժողովրդի իրավունքն է, ապա ֆիզիկական ոչնչացման եզրին հայտնված ժողովրդի իրավունքի ճանաչումը միջազգային հանրության պարտականությունն է:

Բարեբախտաբար ինքնորոշման իրավունքն իրացնելիս Արցախի ժողովուրդը հույսը միջազգային հանրության վրա չէր դրել, ինչի շնորհիվ էլ կարողացավ հաղթել պատերազմում և զենքով պաշտպանել իր հիմնարար իրավունքները: Միջազգային հանրությունը դեռևս հապաղում է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ հղում կատարելով չկարգավորված հակամարտությանը: Մենք պետք է հասնենք նրան, որ միջազգային հանրության կողմից անվերապահորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ իրավունքի իրացման արդյունքում ծնված Արցախի Հանրապետությունը, որից հետո կարելի է մտածել հակամարտության լուծման ուղիների մասին: Այս մոտեցումը զգալիորեն կհեշտացնի լուծումներ գտնելու գործընթացը:

Ինչպես ժամանակին զենքի ուժով հասել ենք մեր ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ հույսներս կապելով միայն ինքներս մեզ հետ, այնպես էլ հիմա մեր կամքի ու համառ աշխատանքի միջոցով պետք է հասնենք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը՝ առանց իլյուզիաներ ունենալու միջազգային հանրության վերաբերյալ: Արցախի Հանրապետության ճանաչումը միջազգային հանրության պարտականությունն է, մեր նպատակն է այդ պարտականությունները կատարել տալը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում