Թուրքիան պետք է անմիջապես հանդես գա Սիրիայի Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման համապատասխան դատապարտող հայտարարությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Գրառումը ամբողջությամբ ստորև՝
«Այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, ISIS-ի գրոհայինները ականապատել և պայթեցրել են Սիրիայի Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դեր Զորն անապատ է, որը դարձել է մահվան ճանապարհ մեկուկես միլիոն հայերի համար, ովքեր զոհվել են Օսմանական կայսրության կողմից պլանավորված և իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով: Դա ևս մեկ ապացույց է, որ ցեղասպանության հանցագործությունը շարունակվում է այնքան, մինչդեռ այն ճի ճանաչվել և չի պատժվել ամբողջությամբ: Եթե Թուրքիան կապ չունի Դեր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, այն պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Իրաքի և Սիրիայի Իսլամական պետության» (ISIS) ահաբեկիչները Դեր Զորում պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Սիրիայից և հարևան երկրներից հազարավոր հայեր հավաքվում էին Դեր Զորում՝ ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։
Civilnet











