Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հունվարի 1-ից կսուբսիդավորի ուսանողների և սոցիալապես խոցելի մի շարք խմբերի ուղեվարձն ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ շրջանների տրանսպորտից օգտվելու համար: Այսպիսի հայտարարություն է արել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին Արցախի պետական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում են ԼՂՀ վարչապետի մամուլի ծառայությունից:
Ստեփանակերտի քաղաքապետարանի որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից քաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկացել է 30 դրամով՝ 70 դրամից դառնալով 100 դրամ:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարիներ առաջ տրանսպորտի ոլորտը զգալի բարելավման է ենթարկվել կառավարության աջակցությամբ: «Որոշ ժամանակ անց խնդիրներ են ծագել ծախսերի սպասարկման հարցում, և «Արցախի ներդրումային հիմնադրամի» միջամտությամբ վերակառուցվել է ծառայություն մատուցող ընկերության վարկը: Երկար ժամանակ մեզ հաջողվել է հետաձգել սակագնի բարձրացումը մինչև աշխատավարձերի ու թոշակների նշանակալի աճը»,- ասել է ԼՂՀ վարչապետը:
Ըստ նրա՝ աշխատավարձային քաղաքականության մեջ իրագործված վերջին բարեփոխումներից հետո քաղաքապետարանը որոշել է թանկացնել ուղեվարձը, և համաձայն անկախ ուսումնասիրությունների գնահատականների, դա անհրաժեշտ է համակարգի անխափան աշխատանքի կազմակերպման և դրա որակի բարձրացման համար: «Եթե խոսում ենք տրանսպորտի սակագնի սուբսիդավորման մասին, ապա այն պետք է իրագործվի ողջ հանրապետությունում»,- ասել է ԼՂՀ վարչապետը հավելելով, որ ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկվում են մեխանիզմի կիրառման տարբերակները:
Ստեփանակերտում ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներ էին կազմակերպվել:
Civilnet











