Հայաստանում սկսվել է քաղաքական լուրջ գործընթաց: Վերջին վեց տարիների մեջ առաջին անգամ ընդդիմության աննախադեպ համախմբումը թույլ է տալիս մտածել իշխանափոխության մասին: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը ընթացող գործընթացների լրջության չափանիշն է: Որևէ կասկած չկա, որ հանրահավաքը կազմակերպած ուժերն անդառնալիորեն գնում են հակամարտության իշխող Հանրապետական կուսակցության հետ: Հանրահավաքի մասնակիցների ակնկալիքը միանշանակ իշխանափոխությունն է, սակայն մեծ արդյունք կլինի նաև սահմանադրական փոփոխությունների վիժեցումը, փոփոխություններ, որոնք նպատակ ունեն Հայաստանում դե ֆակտո հաստատել միակուսակցական համակարգ:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և վերլուծական շրջանակները ոչ միանշանակ արձագանքեցին ընդդիմության գործողություններին, ընդդիմադիր մամուլն էլ վերջիններիս մեղադրեց իշխանության հետ համագործակցելու մեջ: Իրականում կարելի է հասկանալ այն վերլուծաբաններին և քաղաքացիական շրջանակներին, որոնք թերահավատորեն են վերաբերվում հարթակին կանգնած առաջնորդներին կամ նրանց ղեկավարած ուժերին, ցանկանում են ավելի գաղափարական և սկզբունքային քաղաքական ուժեր կամ հասարակություն, այլ ոչ թե կոնկրետ խնդրի շուրջ առաջացած շահերի խմբեր: Սակայն նույնիսկ դա չի նսեմացնում ընթացող գործընթացների նշանակությունը: Հայաստանը կանգնած է տնտեսական, քաղաքական լրջագույն խնդիրների առջև, որոնք նախևառաջ պահանջում են Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հեռացում իշխանությունից: Հնարավոր է այսօրվա ընդդիմությունն իր որակներով չի բավարարում Հայաստանի բնակչության մեծամասնությանը, սակայն ներկա խնդիրը լուծելու միակ կարող ուժն է երկրում իր ռեսուրսներով և կազմակերպչական ներուժով: Քաղաքացիականները և վերլուծական կենտրոններն այս փուլում չպետք է անողոք հարվածեն ընդդիմությանը, այլ փորձեն նոր գործընթաց սկսել, որի նպատակը կլինի հստակ գործողությունների մշակումը ընդդիմության ձախողման կամ հաջողության դեպքում:
Ընդդիմությունը պետք է զերծ մնա իրեն քննադատող քաղաքացիականներին և վերլուծական շրջանակներին հայհոյելուց և պիտակներ կպցնելուց և փորձի կապեր հաստատել նրանց հետ՝ հստակ բացատրելու իր ուզածը: Կարծում եմ քաղաքացիականները կարող են իրենց պահանջներն առաջադրել ընդդիմությանը, ինչը նոր որակ կտա ընթացող գործընթացներին: Իշխանության ձգտող եռյակ/քառյակի կողմից այնպիսի պարտավորությունների հրապարակավ և գրավոր ստանձնումը, ինչպիսիք են, օրինակ, ընտրությունների մեխանիզմի վերադարձը ժողովրդին կամ տնտեսական մենաշնորհների բացառումը կարող է էական ազդեցություն ունենալ մեր հասարակության զարգացման տեսանկյունից:
Ցավոք, լրջագույն խնդիր է մնում Հայաստանի ինքնիշխանության նվազումը: Մեկ հեգեմոնով վերազգային միության անդամակցումը, այն էլ ակնհայտ ճնշման ներքո, Հայաստանը դարձնում է միջազգային հարաբերություններում դեր չունեցող երկրի: Հայաստանի քաղաքական դաշտի «ծանրքաշայինները» զգուշանում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ ինչ-որ բան անելուց կամ ասելուց՝ վախենալով Ռուսաստանի արձագանքից (թյուր պատկերացումներ, որոնք սակայն գերիշխում են քաղաքական դաշտում): Հենց հասարակության մեջ պետք է ստեղծվեն Հայաստանը արտաքին քաղաքական այս ճահիճից դուրս բերելու մոտեցումները և ուղղությունները, որոնք այնուհետև պետք է պարտադրվեն իշխանության եկած ուժին:
Անտագոնիզմը քաղաքացիական սեկտորի և քաղաքական դաշտի միջև, փոխադարձ հայհոյանքները և վիրավորանքները նպաստում են միայն Սերժ Սարգսյանի հակահասարակական իշխանության ամրապնդմանը, Հայաստանի արտաքին մեկուսացմանը, Հայաստանի՝ միակուսակցական երկիր դառնալուն:
Հայաստանում պետք է տեղի ունենան համակարգային փոփոխություններ, իսկ այդ փոփոխությունները պետք է սկսվեն պարզ իշխանափոխությունից: Համակարգափոփոխությունը մեծ ջանքեր պահանջող և ժամանակատար գործընթաց է, որն առանց հասարակության տարբեր շրջանակների մասնակցության անհնար է:
Հայկ Խանումյան











