Եթե մտածում են՝ խորհրդական դառնալուց հետո իրականությունը չեմ ասելու, դա չի լինելու. Էթյեն Մահչուփյան
Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուփյանը երեքշաբթի NTV թուրքական հեռուստակայանին տված հարցազրույցում պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ քննադատություն է հնչեցրել կառավարության և իշխող կուսակցության հասցեին, ակնարկելով փտածության թեման, ինչպես նաև կառավարության քաղաքականությունը քրդական հարցի լուծման և ալևիների հիմնախնդիրների մասին:
Հարցազրույցում Մահչուփյանի մեկնաբանությունները թուրքական մամուլում տարաբնույթ հակադարձությունների են արժանացել: Իր ավելի վաղ արած հայտարարությունների մասին, թե հասարակության իսլամական հատվածը անհանգիստ է կառավարության փտածությունից, Մահչուփյանն ասաց, թե խորհրդական դառնալուց հետո իրականությունը չի փոխվում:
«Եթե մտածում են՝ խորհրդական դառնալուց հետո ճշմարտությունը չեմ ասելու, դա չի լինելու» ասաց նա: «Հաջորդ շրջանում իրականությունից կտրված մի «Արդարություն և զարգացում» կուսակցություն չի լինելու: Ահմեդ Դավութողլուն էլ այդպիսի մարդ չէ»:
Պատասխանելով այն հարցին, թե Դավութողլուն բյուրոկրատիայի դեմ պիտի կարողանա՞ պայքարել, թե՞ ոչ, նա հայտնեց, որ դա երբեք մի մարդու գործ չէ, իսկ երբ այդ մարդը վարչապետ է դառնում՝ սկսում են քննադատել նրան:
«Ահմեդ Դավութողլուն կարևոր անուն է: Թիկունքում ունի իր կուսակցությունն ու դրա աջակցությունը: Նա թե՛ արևելքցի, թե՛ արևմուտքցի է: Եթե նա քաղաքական դեմք չլիներ՝ մտավորականի իր պաշարով աշխարհահռչակ դեմք կդառնար: Թուրքիան իր նախկին իրավիճակից հոգնել է: ԵՄ անդամակցությունը, համաշխարհայնացումը, և այլն, փոխել են մեզ, Թուրքիան այլևս գիտի՝ որն է լավը, ու ցանկանում է հասնել դրան:
Մյուս կողմից՝ բյուրոկրատիան դեռ դիմադրում է: Սա այդպես հեշտ փոխվող բան չէ: Խոսքը քաղաքացիական, զինվորական և դատական բյուրոկրատիայի մասին է: Պետական որոշ «մտայնություն» է տիրում: Ավելի վաղ պետական հաստատություններ մտած մարդիկ հիմա ավելի բարձր դիրքերում են և անցուդարձերը դիտում են հին պետական մտածելակերպով»,- ասաց Մահչուփյանը թուրքական հեռուստակայանի եթերում:
Քրդական խնդրի մասին հարցերին պատասխանելիս՝ նա ասաց, թե հարցերը խորհրդականի դիրքից դուրս դիտելով՝ երկու կողմի խնդիրներն էլ երևում են: Ըստ Մահչուփյանի՝ Թուրքիայի կառավարությունը չկարողացավ հաշվարկել, թե հակառակ կողմը (քրդական քաղաքական շարժումը- ՍիվիլՆեթ) ինչպես կօգտագործի գործընթացը: Իսկ վերջինը վստահության խնդիր ունի:
«Աբդուլլահ Օջալանն այն հազվադեպ մարդկանցից է, որոնց մասին տպավորությունները շատ արագ են փոխվում: Նախկինում ինչե՜ր էին ասում նրա մասին, իսկ հիմա նա խոսում է, հայտարարություններ է անում, որոնց թերթերի առաջին էջերում տեղ գտնելը ոչ ոք տարօրինակ չի համարում: Նա գաղափարաբանական առաջնորդ է և ղեկավար: Աբդուլլահ Օջալանին պետք չէ բան տալ, նա արդեն վերցնում է: Նա ինքն իրեն ավելի խարիզմատիկ է դարձնում»,- ասաց Մահչուփյանն ավելի քան 15 տարի թուրքական բանտում նստած քուրդ ղեկավարի մասին՝ հրահրելով Թուրքիայում մի շարք քաղաքական շրջանակների զայրութը:
Անդրադառնալով ՄԻԵԴ-ի Թուրքիայում ալևիների պաշտամունքի վայրերի նկատմամբ խտրականության մասին որոշմանը՝ նա ասաց, թե «սպասված որոշում» էր:
Մահչուփյանը քննադատեց Թուրքիայի կողմից ՄԻԵԴ-ի որոշումների գործադրման հետ կապված խնդիրները, ասելով․ «Հիմնական խնդիրը Թուրքիայի ներսում է: ԵՄԻԴ-ը որոշում ընդունի, թե՝ ոչ, խնդիրը մեջտեղում է, և ամեն մարդ տեսնում է»:
Էթյեն Մահչուփյանը եղել է իննսունականներին Թուրքիայում կարևոր կարծիք ձևավորող մի քանի թերթի հիմնադիր, գրող և հրապարակախոս: Նա Հրանտ Դինքի սպանությունից հետո երեք տարի ստանձնել է «Ակօս» թերթի խմբագրապետի պաշտոնը, ավելի քան մի տասնամյակ գրել է Թուրքիայի ամենամեծ թերթի՝ «Գյուլենական շարժման» հետ առնչվող «Զամանի» համար, որից հեռացել է այս տարվա մայիսին ու միացել իշխանամետ «Աքշամ» թերթին:
Civilnet











