Գլխավոր Լրահոս

2015-ին Թուրքիայի տնտեսությունը կվատանա՞

2015-ին Թուրքիայի տնտեսությունը կվատանա՞

Հայաստանում կա հստակ կարծիք, թե Թուրքիայի տնտեսությունը, օրեցօր մեծանալով, դառնում է տարածաշրջանում ամենաուժեղներից մեկը: Սակայն իրականությունն այլ է: Թուրքիայի Ֆաթիհ համալսարանի դասախոս և տնտեսագետ Օսման Նուրի Արասը վերլուծել է, թե ինչպիսին է լինելու 2015 թվականը Թուրքիայի տնտեսության համար: Նա, գնահատելով բոլոր հնարավորություններն ու մարտահրավերները, ասում է, որ աճի, գործազրկության և բյուջեի հավասարակշռության առումով 2015-ը 2014-ից ավելի վատ տարի է լինելու: Թուրքական Zaman թերթում տպագրված Օսման Նուրի Արասի հոդվածը թարգմանաբար և կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

2014թ. Թուրքիայի տնտեսության համար եղավ կոռուպցիայի, գործազրկության, գնաճի, բյուջեի դեֆիցիտի, եկամտի բաշխման անարդարության աճի և աճի տեմպերի նվազման տարի:

Այսինքն՝ մակրոտնտեսական ցուցանիշներն ուսումնասիրելիս, ցավոք, տեսնում ենք, որ 2014-ը 2013-ից էլ վատ էր: Ինչպիսի՞ տարի կլինի 2015-ը: Երբ ուշադրություն ենք դարձնում համաշխարհային և տնտեսական զարգացումներին՝ ակնհայտ է դառնում, որ 2015-ը Թուրքիայի տնտեսության համար լինելու է թե՛ հնարավորության, թե՛ մարտահրավերների տարի:1. Նավթի գինը

Եթե 2015թ․ առկա է Թուրքիայի տնտեսական զարգացման հնարավորություն, ապա դա պայմանավորած է նավթի գնի անկումով: Քանի որ նավթի մեկ բարելի միջին գինը 70 դոլար է, իսկ Թուրքիան էներգակիրների առումով կախվածություն ունի արտաքին աշխարհից, պակասուրդը 6 մլրդ. դոլարով կնվազի: Նավթի ցածր գների պահպանումը, թեպետ չի ազդի երկրի ներսում նավթի գների փոփոխությանը, բայց մասնակիորեն կնվազեցնի արտադրական ծախսերը: Արտադրական ծախսերի նվազումը մի կողմից կնվազեցնի գնաճի ռիսկերը, մյուս կողմից՝ կխթանի ապրանքների արտահանման մրցակցությունը:

Սակայն նավթի գների անկումը տնտեսական զարգացման հետ մեկտեղ Թուրքիայի տնտեսության համար կունենա նաև բացասական ազդեցություն: Նավթ արտահանող երկրների եկամուտների նվազման պայմաններում մոտ 100 մլրդ. դոլար կապիտալի համաշխարհային ֆինանսական շուկայից դուրս գալը և օտար կապիտալի մուտքը կարող է բացասական նշանակություն ունենալ:

2. Ռուսաստանյան տնտեսական  ճգնաժամը

2015թ. Թուրքիայի տնտեսության համար ամենամեծ սպառնալիքը կարող է լինել Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը:

Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը հիմնականում սպառնում է երեք ուղղությամբ՝ արտաքին առևտուր, սպասարկման ոլորտ և կապիտալի հոսք: Ռուսաստանյան տնտեսական ճգնաժամն ամենաշատը կազդի սննդի, միրգ-բանջարեղենի, տեքստիլ, ավտոմոբիլների արտադրության, շինարարության սեկտորի, ինչպես նաև մանրածախ առևտրի վրա: Այն բացասաբար կազդի նաև զբոսաշրջության ոլորտի վրա:

Չնայած ձեռնարկած բոլոր միջոցներին՝ 2015-ին Ռուսաստանում սպասվում է 5% անկում: Այդ անկումը Թուրքիայի վրա հետևյալ ազդեցությունը կունենա. համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում 2009թ. Ռուսաստանը գրանցեց 7.8 տոկոս անկում, և Թուրքիայից Ռուսաստան արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ կրճատվեց 50%-ով: Հաշվի առնելով այս հանգամանքը՝  արտահանումը 2015թ. մոտ 40%, այսինքն՝ 6  մլրդ. դոլարի չափով կնվազի:

Կարող ենք ասել, որ ռուսաստանյան տնտեսական ճգնաժամը բացասաբար է ազդելու Թուրքիայի բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վրա:

3. ԱՄՆ-ի կենտրոնական բանկի տոկոսադրույքային քաղաքականությունը

Ակնհայտ է, որ գնալով բարձրանում է  ԱՄՆ-ի կենտրոնական բանկի (FED) տոկոսադրույքի  բարձրացման քաղաքականությունը, ինչը Թուրքիայի տնտեսության համար լինելու է երկրորդ ամենամեծ սպառնալիքը: ԱՄՆ-ի կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի բարձրացումը հանգեցնելու է Թուրքիայի ներսում օտար ներդրումների նվազման և արժույթի կուրսի ու տոկոսադրույքների բարձրացման:

4. Խորհրդարանական ընտրությունները և քաղաքական կայունությունը

2015թ․ խորհրդարանական ընտրությունների իրականացման համար անհրաժեշտ պետական ծախսերն էլ ավելի են մեծացնելու 2014թ. բյուջեի աճող դեֆիցիտը: Իսկ  բյուջեի ճեղքվածի մեծացումը նշանակում է ավելի մեծ ռիսկեր ու բարձր գներ: Իսկ եթե խորհրդարանական ընտրություններում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չհասնի այն արդյունքին, որին ձգտում է, սրությամբ կզգացվեն տնտեսության փխրունությունն ու ռիսկերը:

5. Մերձավորարևելյան զարգացումները

Թուրքիայի հարավարևելյան սահմանին՝ Մերձավոր Արևելքի երկրներում, տեղի ունեցող չափազանց վտանգավոր ու ցավալի զարգացումները Թուրքիայի տնտեսության համար պարզապես անորոշության ու ռիսկի աղբյուր են: Մասնավորապես «Իրաքի և Շամի իսլամական պետության» հետ կապված հավանական զարգացումները տարածաշրջանը դարձնելու են ավելի վտանգավոր: Իսկ Մերձավոր Արևելքում՝ հատկապես Սիրիայում և Իրաքում, ընթացող իրադարձությունները շարունակելու են Թուրքիայի տնտեսության համար սպառնալիք լինել:

6. Եվրոպական կենտրոնական բանկի արժույթային քաղաքականությունը

ԱՄՆ-ի կենտրոնական բանկի տոկոսադրույքի աճի քաղաքականությունը կարող է խարխլել եվրոպական ֆինանսական համակարգը, իսկ ԵՄ-ում տեղի ունեցող այս զարգացումները Թուրքիայի համար կարող են մարտահրավեր դառնալ:

7. Թուրք-քրդական խաղաղության գործընթացը

Խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո խաղաղության գործընթացի  անակնկալ զարգացումները Թուրքիայի տնտեսության համար  կարող են սպառնալիք դառնալ:

8. Կառավարման ավտորիտարացումը

Հանրության տարբեր շերտերի նկատմամբ կիրառվող  ճնշումները և դրանց շարունակումը 2015-ին մի կողմից արագորեն հեղինակազրկում են երկիրը՝ մեծացնելով անորոշությունը և ռիսկերը, մյուս կողմից՝ բացասական նշանակություն են ունենում ներդրումային մթնոլորտի վրա՝ ազդելով օտար և տեղական ներդրողների վրա:

Եզրակացություն

Գնահատելով բոլոր հնարավորություններն ու մարտահրավերները՝ կարելի է ասել, որ աճի, գործազրկության և բյուջեի հավասարակշռության առումով 2015-ը 2014-ից  ավելի վատ տարի է լինելու: Նավթի գների անկումով պայմանավորված դեֆիցիտի նվազելու դրական ազդեցությունն անմիջապես կվերանա Ռուսաստանում խորացող տնտեսական ճգնաժամի պատճառով: Թուրքիան կընթանա տնտեսական ճգնաժամի ուղեկցությամբ՝ ներքին և արտաքին սպառնալիքներով հանդերձ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում