Գլխավոր Լրահոս

Գալիպոլիի 100-ամյակը հիշատակելը հայկական Հոլոքոստը խափանելու ամոթալի փորձ է. Ֆիսկ

Գալիպոլիի 100-ամյակը հիշատակելը հայկական Հոլոքոստը խափանելու ամոթալի փորձ է. Ֆիսկ

Բրիտանական հայտնի պարբերական The Independent-ի Միջին Արևելքի հարցերով փորձառու լրագրող Ռոբերտ Ֆիսկը հրապարակել է հոդված՝ Թուրքիայի կողմից Հայկական ցեղասպանության  100-րդ տարելիցի հիշատակման արարողությունները խափանելու նպատակով՝ Գալիպոլիի ճակատամարտերի հարյուրամյակի տոնակատարության հիշատակման օրվա փոփոխման և չարաշահման մասին: Ըստ Ֆիսկի՝ նման քայլը դիվանագիտական հիմարության նախադեպ է: Հոդվածի թարգմանությունը՝ որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև:

Երբ աշխարհի ղեկավարները, այդ թվում՝ արքայազն Չարլզը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետները, Թուրքիայի կառավարության հրավերով ապրիլին հավաքվեն Գալիպոլիում՝ Առաջին աշխարհամարտի ճակատամարտերը նշելու համար՝ նրանց առջևից պիտի քայլեն 1.5 միլիոն սպանված քրիստոնյա հայերի ուրվականները:

Որպես աննախադեպ դիվանագիտական հիմարություն ՝ Թուրքիան ծրագրում է օգտագործել 1915-ին դաշնակիցների կողմից Թուրքիայի վրա արշավելու հարյուրամյակը, որպեսզի կոծկի Օսմանական կայսրությունում հայերի դեմ իր կատարած զանգվածային ջարդը, որը  20-րդ դարի առաջին Հոլոքոստն է: Թուրքերն արդեն հրավեր են ուղարկել 102 երկրի՝ ապրիլի 24-ին Գալիպոլիի հարյուրամյակի հիշատակման արարողություններին մասնակցելու համար: Դա այն օրն է, երբ Հայաստանը ոգեկոչում է Օսմանական կայսրության կողմից ցեղասպանված իր զոհերին:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախապես իմանալով, որ պիտի մերժվի իր նախաձեռնությունը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է մասնակցելու Գալիպոլիի արարողություններին՝ երբ ինքն արդեն նախագահ Սարգսյանից հրավեր էր ստացել, որպեսզի նույն այդ օրը մասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակումներին:

Սա պարզապես դիվանագիտական չարաճճիություն չէ: Թուրքերը շատ լավ գիտեն, որ Գալիպոլիում դաշնակիցների վայրէջքն սկսել էր ապրիլի 25-ին, այսինքն՝ մեկ օր հետո այն օրից, երբ հայերը նշում են թուրքական կառավարության հրահանգներով կատարված իրենց Ցեղասպանությունը: Ավստրալիացիներն ու նորզելանդացիները ապրիլի 25-ին նշում են ANZAC-ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային ստորաբաժանումներ) օրը: Միայն երկու տարի առաջ՝ Թուրքիայի այդ ժամանակ նախագահ Աբդուլլահ Գյուլը Գալիպոլիի 98 ամյակը նշեց 2013-ի մարտի 18-ին՝ այն օրը, երբ Բրիտանական նավազորը գնդակոծել էր Դարդանելը ՝ բրիտանացի առաջին լորդ ծովակալ Ուինսթոն Չերչիլի հրամանով: Մինչ այդ՝ ոչ ոքի մտքով չէր անցել, թե Գալիպոլին, թուրքերենով՝ Չանաքքալեն, պետք է նշվի ապրիլի 24-ին:

Թուրքերն իհարկե վախենում են, որ 1915-ը կնշվի որպես իրենց երկրի իրագործած Հայոց ցեղասպանության՝ մարդկության դեմ սարսափելի ոճրագործության տարելից: Այդ գործողությունների ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ զենքերով և սրերով ոչնչացվեցին, նրանց կանայք բռնաբարվեցին և երեխաների հետ սովամահ եղան մահվան երթերում դեպի այն ժամանակվա Միջագետք: Պատմության հեգնանքով այս սպանդի դաշտավայրերն այսօր կտակվեցին ցեղասպան «Իսլամական պետություն» բանակի հաղթական ուժերին, որոնք ոչնչացրին նույնիսկ Դեր-Զորում Հայկական ցեղասպանության հիշատակին նվիրված հայկական եկեղեցին:

Հայերն ընտրեցին ապրիլի 24-ը իրենց Ցեղասպանության զոհերին հիշատակելու համար, երբ դեռ Գալիպոլիում ոչ մի բան տեղի չէր ունեցել, քանի որ սա այն օրն էր, երբ թուրք ոստիկանները ձերբակալեցին Կոստանդնուպոլսում առաջին հայ մտավորականներին, գիտնականներին, փաստաբաններին, բժիշկներին, ուսուցիչներին և լրագրողներին: Աքսորելուց առաջ նրանց բանտարկեցին Կոստանդնուպոլսի ոստիկանության գլխամասային բաժնի նկուղում, ապա մեծ մասամբ ոչնչացրին: Նրանք դարձան Հայոց ցեղասպանության առաջին նահատակները: Պատմության մի ուրիշ դաժան հեգնանքով՝ այսօր նրանց բանտարկված տեղը դարձել է Իսլամական արվեստի թանգարան, այսինքն՝ մի զբոսաշրջային վայր, ուր արքայազն Չառլզին և այլ ականավոր հյուրերի հավանաբար չպետք է տանեն ապրիլի 24-ին: Այս սպանությունները նշվում են որպես հայ ժողովրդի դեմ հալածանքների և դեպի աշխարհի չորս կողմն աքսորելու սկիզբը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում