Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2014թ. զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 12 տոկոսով: Այս մասին հայտարարել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը հունվարի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին՝ ամփոփելով 2014թ.-ը, հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Նրա խոսքով՝ միաժամանակ աճել է օտարերկրյա զբոսաշրջիկների գիշերակացի տևողությունը, ինչպես նաև Հայաստանից այցելուների քանակը:
Զբոսաշրջությունը, լինելով ԼՂՀ տնտեսության գերակա ճյուղ, 2014-ին ներմուծվող տարադրամի խոշոր աղբյուր է հանդիսացել. Անցած տարի օտարերկրյա զբոսաշրջիկները 6,4 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք գումար են ծախսել Արցախում:
Տարին հագեցած է եղել նաև միջազգային տարբեր հարթակներում ԼՂՀ զբոսաշրջային ներուժի հանրահռչակմամբ: Այսպես՝ 2014-ին ԼՂՀ-ն մասնակցել է 4 միջազգային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներին` Մադրիդում, Փարիզում, Ռիմինիում և Լոնդոնում: Նշված ցուցահանդեսներում մասնակիցների և այցելուների թիվը կազմել է համապատասխանաբար` 17,696 ընկերություն և 290,000 մարդ: Չնայած Ադրբեջանի կողմից հարուցված խոչընդոտների, ԼՂՀ պատվիրակությունը մինչև վերջ մասնակցել է նշված ցուցահանդեսներին և իրականացրել հաջող քարոզչական աշխատանքներ:
Ըստ Շահվերդյանի՝ ԼՂՀ զբոսաշրջային ներուժը միջազգային ասպարեզում ներկայացնելու մյուս արդյուանվետ միջոց է հանդիսանում համացանցը, որտեղ Արցախը ներկայացված է պաշտոնական karabakh.travel վեբ կայքով և ամենատարածված սոցցանցերում karabakh.travel վեբ կայքի պաշտոնական էջերով: Նախորդ տարվանից վեբ կայքը գործում է նոր ու ադապտացված դիզայնով: Բացի հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներից, կայքը հասանալի է նաև արդեն արաբերեն և գերմաներեն լեզուներով:
Նախորդ տարին հատկանշական էր նաև Ադրբեջանի կողմից զբոսաշրջության ոլորտում հակահայկական քաղաքականության դրսևորումները ձախողելու առումով: ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության, ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ համապատասխան մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ կասեցվել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԶՀԿ-ի (Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպություն) գործադիր մարմնի 99-րդ նիստի օրակարգում «Օկուպացված տարածքներում զբոսաշրջության քարոզչությունը կանխելու մասին» հակահայկական բանաձևի ընդգրկման փորձը:
Շահվերդյանի հավաստմամբ, Արցախյան գինու փառատոնը կանցկացվի այս տարի անցած տարի՝ Հադրութի շրջանի Տող գյուղում և նպատակ էր հետապնդվում հանրահռչակել Հարավային զբոսաշրջային երթուղին, աջակցել տեղական գինու արտադրությանը, ինչպես նաև աշխուժացնել համայնքի մշակութային կյանքը:
Նա նշել է նաև, որ 2015թ. վարչության առաջնահերթ խնդիր է հանդիսանալու Արցախում պատասխանատու զբոսաշրջության և պատմական ժառանգության պահպանության զարգացումը:
Civilnet











