Գլխավոր Լրահոս

Դա նաև իմ Ցեղասպանությունն է. Ֆաթիհ Աքըն

Դա նաև իմ Ցեղասպանությունն է. Ֆաթիհ Աքըն
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմի հեղինակ, գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը հունվարի 30-ին Երևանում ներկա էր իր ֆիլմի հայաստանյան պրեմիերային: Հաջորդ օրը նա հյուրընկալվեց ՍիվիլՆեթում, որտեղ խոսեց ֆիլմի մասին: «Ես իմ պատմությունն էի ուզում ներկայացնել այս ֆիլմով, այսինքն՝ իմ տեսակետը: Իմ բոլոր ֆիլմերում ես իմ պատմությունն եմ պատմում՝ իմ դիտանկյունից»: Հայկական ցեղասպանությունը միջազգային և շատ բարդ խնդիր է: Դա միայն ձեր Ցեղասպանությունը չէ, դա նաև իմ Ցեղասպանությունն է, քանի որ իմ մշակույթին պատկանող մարդիկ են իրագործել դա: Դուք զոհն էիք, իսկ մենք՝ հանցագործը, և դա մեզ իրար հետ է կապում: Կարծում եմ, որ այս հարցն իմ առօրյայի հետ է առնչվում: Ուզեմ, թե ոչ, ես ի վերջո կապված եմ Թուրքիայում այսօր տեղի ունեցող դեպքերի հետ: Թեկուզ հեռվում եմ, սակայն ամեն օր գերմանական թերթերից կարդում եմ Թուրքիայի նորությունների մասին: Միշտ փոփոխություններ կան Թուրքիայում, որոնց մեծ մասը, վստահ եմ, կապ ունեն 1915-ի Հայոց ցեղասպանության հետ: Ես զգում էի, որ պետք է մի պատմություն անել դրա մասին, սակայն դա պետք է նաև անձնական լիներ: Դա պետք է լիներ միայն մի մարդու պատմություն, քանի որ ես էլ մարդ եմ, հայր եմ: Սա մի պարզամիտ մարդու պատմություն է, քանի որ ես էլ պարզամիտ մարդ եմ: Ամբողջ ֆիլմը շատ պատկերավոր է, շատ կինեմատոգրաֆիական: Կինոն է ձևավորել իմ ընկերային կյանքը: Մի խոսքով՝ ես կինոյի մարդ եմ, կինոռեժիսոր, և անձնական դիտանկյունից արված նման ֆիլմը չէր կարող Ցեղասպանության ամբողջական պատկերը ներկայացնել: Սկզբից էլ այդ նպատակով չի արվել այս ֆիլմը»: Ֆաթիհ Աքընն ասաց, որ երբեք հողի հետ կապված մարդ չի եղել: Նա ավելի շատ հավատացել է ընտանիքի արժեքին: Նա չի վստահում քաղաքականությանն ու կառավարություններին: Նրա համար միակ սահմանադրաթյունը ընտանիքն է: Դրա համար ֆիլմի սկզբում պատկերում է մի մեծ ընտանիք, որից միայն երկու մարդ է փրկվում՝ երկուսն էլ հաշմանդամ դարձած. մեկը կաղում է, իսկ մյուսը համր է ու նոր պիտի վերագտնի իր ձայնը: Նրանք տարագիր են դառնում իրենց հողից հեռու՝ Ամերիկայի հյուսիսի տափաստաններում: Սա էլ իմ անձնական փորձառության հետ կապ ունի: Իմ ընտանիքն էլ է իր հողից հեռացել (թեև կամավոր) և ես ծնվել եմ Գերմանիայում, որը շատ տարբեր է Թուրքիայից: Համենայն դեպս՝ ես հիմա կնախընտրեմ Գերմանիայում ապրել, քան Թուրքիայում, որտեղ կարող եմ հինգ րոպեում ձերբակալվել,- ասում է Աքընը: Ըստ ռեժիսորի՝ այս ֆիլմի ստեղծման նպատակներից մեկը խոսքի ազատության գաղափարի պաշտպանությունն է, քանի որ Թուրքիայում մարդիկ չէին կարողանում Հայկական ցեղասպանության մասին ազատորեն խոսել: «Թուրքիայում հիմա ինձ համար կա ժամանակն այս ֆիլմից առաջ ու այս ֆիլմից հետո: Առաջ ես շատ սիրված էի Թուրքիայում, երբ փողոցում քայլում էի՝ մարդիկ ինձ միշտ հրավիրում էին: Հիմա այդպես չէ: Ես այլևս չեմ կարող ազատորեն քայլել Թուրքիայում: Երևի այդ գինն էր պետք վճարել հանուն խոսքի ազատության»: Նա, խոսելով պատասխանատվության զգացման մասին, ասաց, որ նախկինում Հոլոքոստի վերաբերյալ ոչ մի պատասխանատվության զգացում չի ունեցել, քանի որ իր ընտանիքում ոչ ոք հրեաների չի սպանել: Նա ուներ իր Ցեղասպանությունը, որի հետ պետք է հաշվի նստեր: Այժմ նա այդպես չի մտածում: Ըստ Աքընի՝ նա այսօր պատասխանատու է հրեական Հոլոքոստի համար այնքան, որքան պատասխանատու է զգում հայկական Ցեղասպանության համար, կամ որևէ այլ ցեղասպանության, որևէ ոճրագործության, որ մարդն իրագործում է ուրիշ մարդու նկատմամբ: «Ի վերջո, որպես մարդ արարած, ես պատասխանատու եմ զգում բոլոր այդ ոճրագործությունների համար: Հատկապես՝ որպես արվեստագետ․ ես պատմություններ եմ պատմում և այդ պատմությունները պետք է ինչ որ պատգամ ունենան»: Ֆաթիհ Աքընն ասում է, որ երբեք այսքան քննադատության չի ենթարկվել իր մյուս ֆիլմերի համար, որքան ենթարկվեց «Սպի» ֆիլմի համար: Նա ասում է, որ իրեն չի հետաքրքրում, թե քաղաքական դեմքերը կամ խմբերն ինչ կմտածեն իր գործի մասին, նրա համար ամենակարևորը մտերիմների կարծիքն է: «Այս ֆիլմն անկեղծ պատկեր է ինձ համար և ներկայացնում է իմ անկեղծ տեսակետը: Այս ֆիլմի վրա ամբողջ սրտով ու հավատով եմ աշխատել: Այս ֆիլմը անելով՝ նպատակ եմ ունեցել մարդկանց տեղեկացնել եղածի մասին՝ ոչ անպայման բոլոր նրբությունները մանրակրկիտ ներկայացնելով: Դա անկարելի է անել մի ֆիլմում: Սակայն ես տեսել եմ շատ երիտասարդների ու տարբեր մարդկանց, որոնք ֆիլմից հետո սկսել են համացանցում պրպտել ու կարդալ Հայոց ցեղասպանության մասին: Ես կարող եմ միայն խթան հանդիսանալ: Ի վերջո՝ մենք ապրում են տեղեկատվության դարաշրջանում: Մարդիկ իրենք իրենց պետք է տեղեկացնեն: Պետք չէ ծույլ լինել»,- ասաց թուրք ռեժիսորը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում