Գլխավոր Լրահոս

Ընդհարում Լիբանանում` դաշնակցական երիտասարդների և թուրք դիվանագետների միջև

Ընդհարում Լիբանանում` դաշնակցական երիտասարդների և թուրք դիվանագետների միջև
Մարտի 18-ի երեկոյան Հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի Երիտասարդական և «Զավարյան» ուսանողական միությունների 60-հոգանոց խումբը բողոքի ցույց է անցկացրել Բեյրութի «Ա.Բե.Սե.Էշրեֆիե» հանրախանութի սրահի մուտքի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար Լիբանանում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած «Վերջին նամակը» թուրքերեն ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է լիբանանի «Ազդակ» օրաթերթի կայքը, ֆիլմը Գալիպոլիի ճակատամարտի մասին է, որի 100-ամյակը օգտագործելով` Թուրքիան փորձում է միջազգային ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից և Թուրքիայի կատարած ոճրից: Թերթի հաղորդմամբ` դաշնակցական երիտասարդներն ու ուսանողները, որոնք կրել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շապիկներ և ձեռքներին ունեցել են անգլերեն և արաբերեն բողոքի պաստառներ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատող նկարներ, մարդկային պատ են կազմել և քաղաքակիրթ ձևով հսկել են սրահի մուտքը: Նրանք նաև հանրախանութում ներկաներին բաժանել են ցույցի վերաբերյալ բացատրական թռուցիկներ: Դա առաջացրել է Թուրքիայի դեսպանատան անվտանգության ուժերի ու համակիրների զայրույթը, և նրանք ազգայնական կոչերով հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Հայկական կողմը դիմադրություն է ցույց տվել: Այնուհետ միջամտել են Լիբանանի ներքին անվտանգության ուժերը և բաժնել են կողմերին: Երկու հայ երիտասարդ վիրավորվել է: Ոստիկանությունը ձերբակալել է երկու թուրքի: Թուրքերը սկսել են բացականչել «Էրդողա´ն, Էրդողա´ն»: Հայկական կողմն ի պատասխան բացականչել է` «Ցեղասպա´ն, ցեղասպա´ն»: Դաշնակցական ցուցարարները շարունակել են անգլերեն բացականչել «Հայոց ցեղասպանություն», «Հիշում և պահանջում ենք», «Ոճրագործ Թուրքիա» և այլ կարգախոսներ: Դրանց հաջորդել են հեղափոխական երգեր: Ավելի քան երկու ժամ տևած ցույցը մեծ աղմուկ է բարձրացրել «Ա.Բե.Սե.»-ում: Թուրքիայի դեսպանը որոշ ժամանակ «բանտարկված» է մնացել սրահում: Ընդհարման հետևանքով վիրավորների մասով բողոքներ են ներկայացվել դատական համապատասխան ատյաններ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում