Գլխավոր Լրահոս

Լոս Անջելեսի քաղխորհուրդը Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լոս Անջելեսի քաղխորհուրդը Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Գրիգորյանը, Միթչ Օ’ֆարելը, Փոլ Քորեթսն ու քաղխորհրդի նախագահ Հերբ Վեսոնը համատեղ ներկայացրել են բանաձև` աջակցություն հայտնելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 154-րդ «Ճշմարտություն և արդարություն» բանաձևին: Ինչպես հաղորդում է Asbarez պարբերականը, Լոս Անջելեսի քաղխորհրդի բանաձևը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ստիպել Թուրքիայի կառավարությանը ճանաչել փաստերն ու Ցեղասպանության շարունակվող հետևանքները: Բանաձևի տեքստում մասնավորապես ասված է. «Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915թ. ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից հայ մտավորականների, քաղաքական գործիչների և հոգևորականների ձերբակալությամբ, ինչին հետևել են տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային ջարդերն ու աքսորը` դեպքեր, որոնք կրկնվել են Հոլոքոստի ժամանակ, Կամբոջայում, Ռուանդայում, հարավային Սուդանում և մնացած այլ ցեղասպանությունների ընթացքում: 1915-1923-ին իրականացված Ցեղասպանության հետևանքով շուրջ 2 մլն հայ աքսորվել է և 1.5 մլն-ը` սպանվել, 500 հազ. վերապրածներ տեղահանվել են, և վերացվել է հայերի 3000-ամյա ներկայությունն իրենց պատմական հայրենիքից: Հայոց ցեղասպանությունը լայնորեն ճանաչված է պատմաբանների և ցեղասպանագետների կողմից որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և հաջորդող ցեղասպանությունների նախատիպ: Հայոց ցեղասպանությունը փաստագրված է անհաշիվ վկայություններով, որոնք առկա են Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Վատիկանի և այլ երկրների ազգային արխիվներում: Լոս Անջելեսն աշխարհում հայկական ամենամեծ համայնքներից մեկի և Ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների տունն է: Կենսական նշանակություն ունի, որ ԱՄՆ կառավարությունը պատշաճ կերպով ճանաչի Հայոց ցեղասպանությունը` ոչ միայն ելնելով բարոյական սկզբունքներից, այլև այն պատճառով, որ դա կարող է օգնել կանխել ապագայում նման վայրագությունները: «Ճշմարտություն և արդարություն» բանաձևը, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Դոլդը, Դեյվիդ Ուալադաոն և Ֆրենկ Փալոնեն, առաջարկում է նոր մոտեցում ԱՄՆ ջանքերին` խթանելու հայ-թուրքական հարաբերությունները, որ արդար են, կառուցողական են, կայուն և մնայուն: Քաղխորհրդի բանաձևն Օբամային կոչ է անում պաշտպանել մինչ ընտրվելն արած իր հայտարարությունն առ այն, որ «Հայոց ցեղասպանությունն անհիմն պնդում, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վկայված փաստ, որ հաստատվում է պատմական անթիվ ապացույցներով»: Բանաձևը կոչ է անում Օբամայի վարչակազմին ճնշում գործադրել Թուրքիայի վրա` լիարժեք ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստերն ու շարունակվող հետևանքները»: Բանաձևը նեկայացվելու է Կանոնների, ընտրությունների և միջկառավարական հարաբերությունների հանձնաժողովին, որտեղ լսումներից հետո կուղարկվի Քաղխորհուրդ` քվեարկության համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում