Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով. այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` իտալական Adnkronos.com կայքին մեկնաբանելով Թուրքիայի դժգոհությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այն հայտարարության կապակցությամբ, թե Հայոց ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն» է:
«Սա աշխարհի 1 մլրդ 200 մլն կաթոլիկների հոգևոր առաջնորդի խոսք է։ Եթե Թուրքիայում համաձայն չեն այդ կարծիքի հետ, համաձայն չեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ երկրների, միջազգային կառույցների կարծիքի հետ, ապա դա Թուրքիայի խնդիրն է, այլ ոչ թե՝ միջազգային հանրության։
Դա փաստում է, որ Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։
Սա ևս մեկ ապացույց է, որ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված հանցագործության պատասխանատվությունը։
Առաջնորդվելով համամարդկային վեհ արժեքներով` իր իմաստուն խոսքն ասաց Հռոմի պապը՝ «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»։
Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում»,- ասել է Նալբանդյանը։
Նա նշել է, որ Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին արված հայտարարությունը «կարևոր ուղերձ էր համերաշխության, զորակցության հայ ժողովրդին, ուղերձ էր նաև՝ ի աջակցություն միջազգային հանրության ջանքերի՝ ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելմանը»:
***
Ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ էր մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ժամանակ Պապը Հայոց ցեղասպանությունն անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և անցյալ դարի երեք մեծ ողբերգություններից մեկը: Մյուս երկու ողբերգությունը, ըստ նրա, ստալինյան բռնաճնշումներն էին ու Հոլոքոստը:
Պապի կողմից պատարագի մատուցումն ու նրա հնչեցրած հայտարարությունը մեծ դժգոհություն էր առաջացրել Թուրքիայում: Թուրքիայում Վատիկանի դեսպան Անտոնիո Լուչիբելոն կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն` բացատրութուն ստանալու նպատակով: Խորհրդակցության համար նաև հետ է կանչվել Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն: