Ապրիլի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանը Ռուսաստանը կներկայացնի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
Interfax գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 14-ին ընդունելով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքին՝ Նարիշկինն ասել է, որ հաջորդ շաբաթ իրեն «կհաջողվի լինել Թուրքիայում, Ստամբուլում՝ մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին»:
Օրերս Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 24-ին Երևան հնարավոր այցի հարցը դեռ դիտարկվում է: Պեսկովն ասել էր, որ նույն օրը Թուրքիայում անցկացվելու են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց Ռուսաստանը ներկայացված է լինելու բարձր մակարդակով:
Ապրիլի 8-ին Մոսկվայում ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Երևանում սպասում եմ Պուտինի այցին:
***
Թուրքիան յուրքանչյուր տարի Գալիպոլիի ճակատամարտին [տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի ժամանակ Անտանտի պետությունների նախաձեռնած Դարդանելի օպերացիայի ժամանակ - ՍիվիլՆեթ] նվիրված միջոցառումները նշում էր մարտի 19-ին: Այս տարի, սակայն, որոշել է տոնակատարությունը կազմակերպել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 100-րդ տարելիցի օրը: Անկարայի կողմից Գալիպոլիի տոնակատարության տեղափոխումը և օտար պետությունների ու կառավարությունների ղեկավարների հրավիրումը Թուրքիա Հայաստանում դիտվում է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ստվերելու փորձ:
Civilnet











