Հայաստանը 2015-ին ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 58-րդն է՝ 143 երկրների շարքում և նախորդ տարվա համեմատ 7 հորիզոնականով բարելավել է դիրքը: 2012-2015 թթ. ցանցային պատրաստվածության ցուցիչի աճով Հայաստանն աշխարհում առաջատարն է. դիրքը բարելավել է 36 տեղով: Այս մասին են վկայում Համաշխարհային տնտեսական ֆորումի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2015»-ի արդյունքները:
Զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որը ցույց է տալիս երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը: Այս տարի զեկույցը գնահատել է աշխարհում 143 տնտեսությունների տեղեկատվական տեխնոլոգիաների մրցունակությունը: Սինգապուրը, Ֆինլանդիան և Շվեդիան համապատասխանաբար շարունակում են գլխավորել ցանցային պատրաստվածության վարկանիշի առաջին երեք հորիզոնականները: Նրանց հաջորդում են Նիդեռլանդները և Նորվեգիան:
Հայաստանը 2014-ի համեմատ աճ է գրանցել համաթվի բոլոր 4 բաղադրիչների գծով՝ միջավայրի, պատրաստվածության, օգտագործման, ազդեցության: Ամենաէական բարելավում գրանցվել է ազդեցության բաղադրիչում (+13 կետ):
Հայաստանի դիրքերը ցածրից միջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքների համեմատ բավականին բարձր են։ Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքերը պետական օգտագործման հենասյունով, հատկապես պետության՝ էլեկտրոնային մասնակցության ցուցիչով, որը նախորդ տարիներին ամենաէական թերությունների շարքին է դասվել: Հայաստանի առավելություններից է նաև կառավարության էլեկտրոնային ծառայությունների, հեռախոսային կապի և համացանցի ոլորտում մրցակցության, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետի սակագների ենթացուցիչները: Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը: Ամենախնդրահարույց ոլորտներից են դատաիրավական համակարգը, պայմանագրերի կիրարկումը, ինչպես նաև առաջատար տեխնոլոգիաների պետական գնումների և աշխատակազմի վերապատրաստման մակարդակը:
ԱՊՀ երկրները, Ուկրաինան և Վրաստանը ևս ընդհանուր ցուցիչի դրական տեղաշարժ են արձանագրել՝ բացառությամբ Ադրբեջանի և Ղազախստանի: Առավել էական բարելավում է արձանագրվել Ղրղզստանում (+20): Ադրբեջանը զիջել է իր դիրքերը (-8)՝ զբաղեցնելով 57-րդ հորիզոնականը: Վրաստանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց չի գրանցել։
Civilnet











