Գլխավոր Լրահոս

Դատապարտում և զգուշացնում եմ Պապին. Էրդողան

Դատապարտում և զգուշացնում եմ Պապին. Էրդողան
«Երբ պատմաբանների գործը կրոնավորներն են ստանձնում, այդտեղից ոչ թե ճշմարտություն է ի հայտ գալիս, այլ զառանցանք»: Այդպես է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում հնչեցրած այն խոսքին, թե Հայոց ցեղասպանությունը  «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն» է: Էրդողանի խոսքը տեղ է գտել նրա պաշտոնական կայքում  և թուրքական լրատվամիջոցների առաջին էջերում: Էրդողանն իր խոսքը կառուցել է Թուրքիայում տարածում ստացած Ցեղասպանության ժխտողականության նոր՝ «ընդհանուր, համատեղ ցավի» թեզի վրա: Եթե առաջ Թուրքիան ասում էր, թե ոչինչ չի եղել, հայեր չեն սպանվել, այժմ ասում է, որ պատերազմի պայմաններում թուրքերի հետ միասին տուժել են նաև հայեր: Էրդողանն ասել է, որ ինքը խորապես վշտացած է, որ հարյուր տարի առաջ հայերի  կրած ցավը ցեղասպանություն է որակվել՝ շեշտելով, որ այդ տարածաշրջանում միևնույն ժամանակ ավելի մեծ տառապանք են կրել մուսուլմանները: Թուրքիայի նախագահի խոսքով՝  իրենց երկրում հայեր մահացել են, սակայն նույն կերպ հայերը սպանել, նահատակության են մատնել օսմանյան ժողովրդի զավակներին: Թուրքիայի նախագահը Սփյուռքին վիրավորել է կեղտոտ գործունեություն իրականացնելու համար և կրկնել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Նա շարունակել է վիրավորել Հռոմի պապին՝ ասելով. «Հայտնի է, որ  մի քանի ամիս առաջ Անկարա էր այցելել: Անկարայում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ  ես այլ քաղաքական գործիչ տեսա: Ուշադրություն դարձրեք՝ չեմ ասում հոգևորական»: «Դատապարտում և ուզում եմ զգուշացնել հարգելի Պապին՝ այլևս այդպիսի սխալներ չանել»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը: Էրդողանի ուշադրությունից  չի վրիպել այն, որ Եվրախորհրդարանում ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության մասին քննարկում է լինելու: «Մի բան չեմ կարողանում հասկանալ․ մենք՝ որպես ազգ, և առհասարակ մեր մեդիան ինչու պետք է պաշտպանական դիրքորոշում որդեգրի: Ես որպես նախագահ չունեմ նման մտահոգություն: Մեզ վրա չկա այնպիսի կեղտ, ինչպիսին ցեղասպանությունն է»,- ասել է նա: Վերհիշելով Թուրքիայում բնակվող և աշխատող չփաստաթղթավորված (անկանոն միգրանտներ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնդիրը՝ Էրդողանն ասել է. «Մեր երկրում ապրում է 100 հազ. հայ, որոնք մեր քաղաքաքացիները չեն, նույնքան էլ Թուրքիայի քաղաքացի հայերի թիվն է: Տեսե՞լ եք երբևէ մեր երկրում հայերի նկատմամբ վատ ու խտրական վերաբերմունք: Կարող էինք դեպորտ անել նրանց, որոնք Թուրքիայի քաղաքացի չեն, սակայն չենք անում»: Էրդողանն ասել է նաև. «Պետական գանձարանի միջոցներով վերականգնել և վերանորոգել ենք Աղթամար կղզում գտնվող հայկական առաքելական եկեղեցին: Այնտեղ արդեն պատարագ են մատուցում: Եվրախորհրդարանը ինչ որոշում ուզում է՝ թող կայացնի, դա մեր մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս: Թուրքիան չի կարող ընդունել այդ մեղքը»: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմլի Չիչեքն էլ Հռոմի պապի հայտարարությունը համարել է զրպարտություն՝ կաթոլիկ աշխարհի առաջնորդին մեղադրելով ատելություն սերմանելու մեջ: Նա նաև նշել է, որ  երկար ժամանակ է պատրաստվում են դիմագրավել հայերի պնդումներին և ցույց տալ աշխարհին, որ կեղծիք են այն պնդումները, թե օսմանցիները հայերին ցեղասպանության են ենթարկել: Ավելի վաղ Հռոմի պապի հայտարարությանը նույն կոպիտ ոճով արձագանքել էին երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն: Թուրքիայի արձագանքին  կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում