Գլխավոր Լրահոս

Մահչուփյանը պարզաբանել է՝ ինչու է թողել վարչապետի խորհրդականի պաշտոնը

Մահչուփյանը պարզաբանել է՝ ինչու է թողել վարչապետի խորհրդականի պաշտոնը
Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդական Էթյեն Մահչուփյանը թուրքական Akşam թերթում հոդված է հրապարակել՝ պարզաբանելով ինչու է հեռացել վարչապետի խորհրդականի պաշտոնից: Այդ պաշտոնից նա հեռացավ անցյալ շաբաթ՝ 1915-ի հայերի կոտորածները «ցեղասպանություն» բնորոշելուց հետո: Մահչուփյանը գրում է, որ թոշակի է անցել, որովհետև մարտի 9-ին լրացել է իր 65 տարին, և ինքն այժմ «կամավոր  է աշխատում կառավարությունում՝ Ահմեդ Դավութօղլուի քաջալերանքով»: Հոդվածում Մահչուփյանը նշում է երեք հիմնական պատճառ, թե ինչու էր ընդունել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի առաջարկը՝ զբաղեցնելու նրա խորհրդականի պաշտոնը: Առաջին պատճառն այն էր, որ որպես մտավորական՝ ինքը մշտապես ձգտել է  հնարավորինս ազդել քաղաքական որոշումներ կայացնողների վրա: Երկրորդ պատճառը՝  մշտապես օժանդակել իսլամամետ կուսակցություններին, այդ թվում կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) քաղաքական ուղեգծին և հետևել Թուրքիայի պահպանողական այդ հատվածի գաղափարական փոփոխություններին: Ըստ Մահչուփյանի՝ միայն իսլամական հատվածի ժողովրդավարացմամբ է հնարավոր ժողովրդավարություն հաստատել Թուրքիայում, ուստի ինքը չի վարանել իր նպաստը բերելու այդ գործընթացին: Երրրոդ պատճառը, ըստ Մահչուփյանի, պայմանավորված է Դավութօղլուի անձով. «Առաջարկությունը մեծ գոհունակությամբ ընդունեցի, որովհետև ստացել էի քաղաքական այնպիսի գործչից, որին շատ եմ հարգում և սիրում, որի անկեղծությանը, խելքին ու բարի կամքին հավատում եմ: Այդ պատճառով  առաջարկն ընդունեցի առանց մտածելու»: Մահչուփյանն այնուհետ խոսում է այն մասին, թե ինչքանով է իր տեսակետը Դավութօղլուինը և հակառակը.  «Ես ընդամենը բազմաթիվ խորհրդականներից մեկն եմ: Բնական է՝  խորհրդականները տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետներ ունեն, և վարչապետն է որոշում, թե դրանցից որն է կարևորելու: Նա է քաղաքական գործիչը, նրա վրա է պատասխանատվությունը, ոչ թե՝ մեզ: Չի կարելի վարչապետի յուրաքանչյուր միտք ամբողջությամբ մեզ վերագրել, ո՛չ էլ մեր մտքերը՝ նրան: Այն, ինչ ես եմ ասում, բնականաբար, ամբողջովին իմ մտքերն են, և ավելի քան տրամաբանական է՝  իմ և կառավարության պաշտոնական դիրքորոշման միջև երբեմն պետք է սահմանազատում դնել»: Սահմանազատումը, ըստ Մահչուփյանի, վերաբերում է նաև «ցեղասպանություն» բառի օգտագործմանը. «Ինձ համար «ցեղասպանություն»  եզրը երբեք կարևոր չի եղել, ինչը մշտապես հարուցել է հայկական Սփյուռքի զայրույթը»: Հոդվածում Մահչուփյանը քննադատում է Սփյուռքին, որը վարչապետի խորհրդականի պաշտոնում իր նշանակումը համարել է որպես «սոսկ մարտավարական քայլ»: Ցեղասպանության վերաբերյալ Մահչուփյանի հայտարարությունից հետո  պնդումներ եղան, թե նա Թուրքիային ճանաչման կոչ է անում: Սա փարատելու համար նա գրում է. «Եթե վարչապետը Ցեղասպանությունն ընդունել-չընդունելու վերաբերյալ խորհուրդ հարցնի.... ես վարչապետ լինեի,  չէի ճանաչի Ցեղասպանությունը, վարչապետը նախևառաջ պատասխանատու է իր քաղաքացիների բարօրության և շահի համար և նրանց չպիտի խցկի անհայտության թունելը»: Ըստ Մահչուփյանի՝ իրեն օգտագործում են ԱԶԿ-ին և անձամբ Դավութօղլուին հարվածելու համար: Մահչուփյանը դա կապում է Թուրքիայում մոտեցող խորհրդարանական ընտրությունների հետ: Մահչուփյանն ակնարկում է, որ իրեն չեն ազատել գործից, և որ վարչապետի խորհրդականի պաշտոնը լքելը որևէ կերպ կապված չէ  «ցեղասպանություն» եզրն օգտագործելու հետ: «Այդ ընթացքում ծննդյանս օրը՝ մարտի 9-ը, անցավ, և 65 տարիս լրանալուն պես ինքնաբերաբար թոշակառու դարձա: Թոշակառու դառնալու մասին վարչապետն ինձնից է իմացել: Այդ պահից սկսած՝ կամավոր  աշխատում եմ կառավարությունում՝ Ահմեդ Դավութօղլուի քաջալերանքով»: «Ինձ համար կարևորն այն է, որ այս պատմական պահին ԱԶԿ-ն, վարչապետի և նախագահի հետ միասին, հաջողություն գրանցի»,- հոդվածը եզրափակում է Մահչուփյանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում