Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 20-ին ստորագրել է 2015թ. և 2016-2017 թթ. պլանային ժամանակահատվածում դաշնային բյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, հաղորդում է Կրեմլի կայքը:
Պետդուման փոփոխություններին վերջնական հավանություն էր տվել ապրիլի 10-ին, իսկ Դաշնության խորհուրդը` ապրիլի 15-ին:
Համաձայն փոփոխված փաստաթղթի` 2015թ. բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 3.7%-ը (մոտ 2.68 տրլն ռուբլի): Եկամուտների ծավալն ընթացիկ տարում ծրագրված է 12.54 տրլն ռուբլու մակարդակում (16.8%-ով կրճատում` համեմատ բյուջեի` 2014թ. հաստատված տարբերակի), ծախսերինը` մոտ 15.22 տրլն ռուբլու (կրճատումը` 2%):
Բյուջեի հիմնական հոդվածները կրճատվել են մոտ 10%-ով: Պետդումայի` բյուջեի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օկսանա Դմիտրիևան ավելի վաղ նշել էր, որ սա Ռուսաստանի առաջին սեկվեստրավորված բյուջեն է 1998-ից ի վեր:
Բյուջեի փոփոխությունների հիմքում դրվել է ռուսական Urals տեսակի նավթի $50/1 բարել գինը և դոլարի 61.5 ռուբլի փոխարժեքը: Նախորդ բյուջեի հիմքում, որը Ռուսաստանի նախագահը ստորագրել էր 2014թ. դեկտեմբերի սկզբին, դրվել էր Urals-ի $96/1 բարել գինը և դոլարի 37.7 ռուբլի փոխարժեքը:
***
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ապրիլի 15-ին հրապարակած զեկույցում Ռուսաստանում 2015թ. կանխատեսել է 3.8% տնտեսական անկում, իսկ 2016թ.՝ 1.1%:
Նույն զեկույցում ԱՄՀ-ն Հայաստանում 2015թ. կանխատեսել է 1% անկում 2015թ. և 0% աճ՝ 2016թ.:
«Առաջիկա օրերին տվյալները կհրապարակվեն, և կարծում եմ, որ մենք կունենանք 2,5-3% տնտեսական աճ»,- ասել է ՀՀ վարչապետը:
Չնայած այս կանխատեսումներին՝ ապրիլի 18-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում կազմակերպված ուսանողական գիտաժողովին հայտարարել է, որ 2015թ. տնտեսական աճ է ակնկալում. «Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ մենք ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, սակայն ես համոզված եմ, որ մենք 2015թ. արձանագրելու ենք տնտեսական աճ»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ոչ ոք չէր կարող ծրագրել, որ 2015թ. կարձանագրվի ռուսական ռուբլու արժեզրկում, ինչը նաև իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Հովիկ Աբրահամյանն ասել է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 1,8% տնտեսական աճ՝ նշելով, որ առաջին եռամսյակում դրական տեղաշարժն ակնհայտ կլինի: «Առաջիկա օրերին տվյալները կհրապարակվեն, և կարծում եմ, որ մենք կունենանք 2,5-3% տնտեսական աճ, և ես համոզված եմ, որ մեր միասնական ուժերով 2015 թ. իրականացվող բոլոր ծրագրերն իրենց դրական արդյունքները կտան մեր տնտեսության զարգացման գործում»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ քննադատությունները, կանխատեսումները նաև զգոնություն են հաղորդում կառավարությանը:
Civilnet











