Գլխավոր Լրահոս

Դավութօղլուն ուղերձ է հրապարակել Ապրիլ 24-ի նախօրեին

Դավութօղլուն ուղերձ է հրապարակել Ապրիլ 24-ի նախօրեին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ապրիլի 20-ին հանդես է եկել ուղերձով, որը վերնագրված է «Թուրքիայի Հանրապետության վարչապետը օսմանյան հայերի մասին, որոնք կորցրին իրենց կյանքը Օսմանյան կայսրության վերջին տարիներին»: «Կիսելով օսմանյան հայերի վիշտը»՝ Դավութօղլուն չի օգտագործում «ցեղասպանություն» եզրը: Ուղերձի տեքստն ամբողջությամբ անգլերենից թարգմանաբար ներկայացված է ստորև: Օսմանյան կայսրության վերջին տարիներին էթնիկական և կրոնական տարբեր պատկանելություն ունեցող օսմանյան քաղաքացիների ստվար հատված անցավ մեծ տառապանքի միջով, որը խոր սպի թողեց նրանց հիշողության մեջ: Նրանք բոլորը իրար հետ դարեր շարունակ ապրել էին խաղաղության և ներդաշնակության մեջ: Որպես Առաջին աշխարհամարտի պայմաններում այդ տառապանքի միջով անցած էթնիկական և կրոնական տարբեր ազգերի հետնորդներ՝ մենք հասկանում ենք հայերի զգացմունքները: Մենք հարգանքով ենք հիշում կյանքը կորցրած օսմանյան անմեղ հայերին և նրանց հետնորդներին մեր խոր վշտակցությունն ենք հայտնում: Թուրքիայի համար թե՛ պատմական, թե՛ մարդկային պարտականություն է հարգելու օսմանյան հայերի հիշատակը և հայկական մշակութային ժառանգությունը: Սրանից ելնելով է, որ [Պոլսի] Հայոց պատրիարքությունը ապրիլի 24-ին կրոնական ծես է մատուցելու, և օսմանյան հայերն են հիշվելու Թուրքիայում, ինչպես և աշխարհի մյուս վայրերում: Այդ օրը շատ ավելի խելամիտ կլիներ, եթե Թուրքիան ու Հայաստանը կարողանային միասին հարգել օսմանյան հայերի հիշատակը այն միջոցառմանը, որը համահունչ կլիներ երկու պետություններին: Դա այն է, ինչ մեր նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում էր իր ուղերձում 2014թ. ապրիլի 23-ին, երբ նա վարչապետ էր: Մենք համոզված ենք, որ երբ պատմությունն այլևս չի շահարկվում քաղաքական նպատակների համար, հնարավոր է հասնել հասուն և բարոյապես առողջ նման արդյունքի: Անատոլիական հին քաղաքակրթությունը մեզ սովորեցնում է տեր կանգնել մեր պատմությանը, հիշել թե՛ մեր ուրախությունները, թե՛ ցավերը, ամոքել մեր վերքերը միասնաբար և միասին նայել դեպի ապագան: Ինչպես ես հայտարարել եմ 2015թ. հունվարի 20-ի իմ ուղերձում, Հրանտ Դինքի մահվան տարելիցի օրը, «հնագույն երկու ազգ կարող են ցուցաբերել իմաստնություն՝ հասկանալու իրար և միասին մտածելու ապագայի մասին»: Որպես մեր պատմական պատասխանատվության և մարդկային առաքելության հետևանք, և առանց տարբերություն դնելու նրանց միջև, ովքեր անցել են տառապանքների միջով, մենք այսօր հարգանքով ենք հիշում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Մենք նաև վստահ ենք, որ շարունակվող տառապանքը մեղմելու համար նույնքան կարևոր է անցյալին առերեսվել ազնվությամբ՝ այնպես, ինչպես այն կա, և հիշել նահատակներին: Հնարավոր է հաստատել Առաջին աշխարհամարտին պատահածի պատճառները և նշել նրանց, ովքեր պատասխանատու էին դրանց համար: Սակայն ընդհանրացումների միջոցով ամբողջ մեղքը դնել թուրք ազգի վրա և ամեն ինչ հավասարեցնել մեկ բառի՝ այն զուգակցելով ատելության քարոզի հետ խնդրահարույց է թե՛ բարոյական, թե՛ իրավական առումով: Աքսորների և կոտորածների սպիները, որոնց ենթարկվել են օսմանյան թուրքերն ու մուսուլմանները մեկ դար առաջ մինչ այսօր կենդանի են մեր հիշողության մեջ: Այս փաստն անտեսելը և անցած ցավերի միջև խտրականություն դնելը խնդրահարույց է պատմական առումով և սխալ՝ բարոյական առումով: Ավելին, վերջին տարիները ցույց են տվել, որ ոչնչի հնարավոր չէ հասնել մեկմեկու փորձելով պարտադրել իրարամերժ դրույթները: Այս համատեքստում օսմանյան բոլոր քաղաքացիների հիշատակը և համոզմունքները պետք է լսելի լինեն և հարգվեն: Ճշմարտությանը հասնելու համար բավարար է ունենալ արդար հիշողություն, կարեկցանք, հարգալից լեզու և իրերին նայելու խելամիտ և օբյեկտիվ ձև: Թուրքիայում ցանկացած տեսակետ ազատ արտահայտվում է և բաց քննարկվում: Ամեն տեսակի փաստաթղթեր ու գիտելիքներ կարելի է ուսումնասիրել: Այս միջոցները տրամադրելով՝ Թուրքիան նշանակալից դրական քայլ է կատարում դեպի ընդհանուր ապագայի կերտումը: Որպես երկու հնագույն ազգերի հետնորդներ, որոնք հարյուր տարի առաջ կիսել են նույն ճակատագիրը՝ ուրախություն կամ վիշտ, մեր միասնական պատասխանատվությունն ու կոչն այսօր մեկդարյա հին վերքերն ամոքելն է և մեր մարդկային կապերը կրկին հաստատելը: Թուրքիան այս պատասխանատվության նկատմամբ անտարբեր չի մնա և կշարունակի անել ամեն հնարավորը բարեկամության և խաղաղության համար: Այդ իսկ պատճառով մենք երրորդ բոլոր կողմերին կոչ ենք անում ընդունել մոտեցում՝ հիմնված արդար հիշողության և ընդհանուր խաղաղ ապագայի, ոչ թե հին վերքերը փորփրելու վրա: Ահա այս զգացումներով և համոզմունքով է, որ մենք ևս մեկ անգամ խորին հարգանքով նշում ենք օսմանյան հայերի հիշատակը, որոնք կորցրին իրենց կյանքը 1915թ. տեղահանությունների ժամանակ, և մենք կիսում ենք նրանց երեխաների ու թոռների վիշտը: Թարգմանությունը՝ ՍիվիլՆեթի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում