Գլխավոր Լրահոս

Օղակներն ու ընդհանուր շղթան. Շահան Գանտահարյան

Օղակներն ու ընդհանուր շղթան. Շահան Գանտահարյան
  Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Օղակներն ու ընդհանուր շղթան» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև: Թուրքիայի վարչապետի արդեն իսկ թոշակառու խորհրդականի հետքայլը չուշացավ: Իրավամբ ցեղասպանության հարցի մասին կատարած համարձակ բարձրաձայնումներից հետո պարզ է, որ նա կա՛մ հրաժեշտ էր տալու իր պաշտոնին, կա՛մ էլ մտածելու տեղիք տար, որ ամեն ինչ վերահսկվում է, և վարչապետի կողմից պատվիրված, որը դիպաշարին հետևողին ավելի էր մղում այդ հայտարարությունների հետևում տեսնելու Անկարայի կողմից կիրառվող մարտավարական հանգրվանները: Ապրիլի 8-ին, այս սյունակներից, ի լուր Մահչուփյանի կատարած աննախընթաց հայտարարությունների, հաստատվում էր՝ եթե թույլտվությամբ կատարված հայտարարություն չէ այս մեկը, ապա Մահչուփյանը պետք է հրաժեշտ տված լիներ իր պաշտոնին: Ո՛չ ակնկալված թուրքական զայրույթ կա այս հայտարարության դիմաց, ո՛չ էլ Թուրքիայի վարչապետի կողմից համապատասխան արձագանգ: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Անկարան հանդուրժողականության նմուշ է բերմադրում միջազգային հանրությանը: Ի վերջո, միշտ նկատի ունենալով հայտարարողի հանգամանքը, կատարվածը Թուրքիայի կողմից Ցեղասպանության կիսաճանաչում է: Ցեղասպանություն եզրի վերաշեշտումը ավելի համոզիչ էր դարձնում այս երկվության հստակացումը. փաստորեն, տարիքային սահմանագծի պատրվակով Մահչուփյանը այլևս գործող իրավասու խորհրդական չէր: Բայց Մահչուփյանի մոտ նկատվում է տեղատվություն-մակընթացություն ընթացք, որը ոչ միայն բարդացնում է հայտարարությունների մեկնաբանության փորձերը, այլ ընդհանրապես հուշում է որևէ վերլուծողի չշտապել և սպասել հաջորդ հայտարարությանը: «Ավելի քան օսմանցի եմ, քան հայ» ասողը մեկ օր հետո 1915-ի դեպքերը բնորոշեց իբրև ցեղասպանություն, և ավելի՛ն` այդ հասկացողությունը դիտարկեց իբրև իրավական եզր և ոչ թե պատմական: Այս ընթացքի կամ վարքագծի ընկալումով էլ պետք է կարդալ թոշակի գնալու իրողության իր բացատրողականը. Մահչուփյանը պարզաբանում էր, որ նա չի դադարում խորհրդականի պաշտոնում լինելուց, պարզապես այդ աշխատանքի համար չի վարձատրվում` այն պատճառով, որ հատել է աշխատանքի առավելագույն տարիքի սահմանը: Ցեղասպանության իրողության և իրավականության մասին աննախադեպ հայտարարություն կատարելուց հետո, այս անգամ միևնույն Մահչուփյանը տեղատվության այլ հայտարարություն էր կատարում: Մահչուփյանը, ակնարկելով, որ աշխատանքից հեռանալու հարցում կարևոր են եղել Ցեղասպանության մասին իր հայտարարություններից հետո իշխող կուսակցության կողմից քննադատությունները` պնդել է, որ եթե նա Թուրքիայի վարչապետը լիներ, չէր ընդունի Ցեղասպանությունը, քանի որ այսօրվա վարչապետը պատասխանատու է քաղաքացիների այսօրվա բարեկեցության համար: Եթե մի պահ բացառենք (թեև դժվար), որ այս հայտարարությունը ինքնակամ և ոչ թե պատվերային բնույթ ունի, ապա փորձենք մնալ Մահչուփյանի որդեգրած տրամաբանական հետևողականության սահմաններում: Մահչուփյանը շարունակում է խորհուրդ տալ վարչապետին (թեև առանց վարձատրվելու): Նա այս ձևով խորհուրդ կտա չճանաչել Ցեղասպանությունը: Այսինքն, խորհրդականը ի՛նքն անձնապես ցեղասպանություն է նկատում պատահարները, սակայն իր վարչապետին խորհուրդ կտա նման ճանաչում չկատարել: Եթե խորհրդականի չվարձատրվող հանգամանքը պահվել է, ապա ինչո՞ւ է այս խորհրդին հրապարակային բնույթ տալիս երբեմնի գլխավոր խորհրդականը և տարատեսակ մեկնաբանությունների նոր դռներ բացում իր ա՛յս հայտարարությամբ և հայտարարության հրապարակայնացումով: Հիմա մնում է մեկնաբանել, որ ցեղասպանության ընդունումը Անկարայի կողմից ինչպե՞ս կարող է բացասական ազդեցություն ունենալ թուրք հասարակության բարեկեցության վրա: Ցեղասպանությունը, ըստ Մահչուփյանի նախորդ հայտարարության, իրավական եզր է. այս բացատրությամբ թվում է, որ Անկարայի համար սոցիալական խնդիր է: Իսկ եթե մոտեցումը ընկալենք այնպես, որ վարչապետի գործառույթները սահմանափակվում են միայն սոցիալ-տնտեսական և ժողովրդի բարեկեցություն ապահովելու առաջադրանքներով, ապա Մահչուփյանը իբրև սոցիոլո՞գ և ֆինանսագե՞տ էր աշխատում վարչապետի մոտ։

Մահչուփյանը, թեև մակընթացություններով և տեղատվություններով, աննախադեպ հայտարարություններ է կատարել. և այդ մեկը կարևոր է անշուշտ: Սակայն իր հայտարարությունների ընդհանուր շղթան պետք է դիտարկել հետևություններ կատարելու համար և ոչ թե տվյալ օղակը շղթայից դուրս բերելով պետք է հատուկ լուսարձակի տակ բերել: Քարոզչական մակարդակի վրա կան օղակներ, որոնց առանձնացումը նպաստում է ընդհանուր առաջադրանքին: Բայց շղթան կարևոր է Անկարայի մարտավարական խաղերը ընկալել կարողանալու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում