Ձախից աջ՝ Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարներ Դեհղանն ու Ալ-Ֆարիջը
Թեհրանի և Դամասկոսի հարաբերություններն այնքան կատարյալ են, որ կարող են որպես մոդել ծառայել իսլամական բոլոր պետությունների համար. այսպիսի հայտարարություն է արել Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանը Թեհրանում սիրիացի իր պաշտոնակից Ֆահդ Ջասիմ ալ Ֆարիջի հետ հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է Mehr News իրանական գործակալությունը, Իրանի պաշտպանության գերատեսչության ղեկավարն ասել է, որ «դավադիրները, հանդիպելով տարածաշրջանի երկրների դիմադրությանն ու միասնությանը, չեն կարողանա հասնել իրենց չար նպատակներին»:
Դեհղանն ընդգծել է սիրիական ճգնաժամի լուծման բանակցային տարբերակի և ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով տարածաշրջանային կոալիցիաներ ստեղծելու կարևորությունը: Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ իր երկիրն այս հարցում մշտապես կսատարի Սիրիային:
Սիրիայի պաշտպանության նախարար Ալ-Ֆարիջն իր հերթին ասել է, որ Սիրիայի և Իրանի միջև հաստատվել են ռազմավարական հարաբերություններ և համոզմունք հայտնել, որ իր այցը Թեհրան երկու երկրների միջև ռազմական կապերի ընդլայնման հիմք կհանդիսանա:
Civilnet











