Մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայից Հայաստան ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
Ինչպես հաղորդում են գյուղատնտեսության նախարարությունից, այս մասին համապատասխան հրաման է ստորագրել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը:
Որոշումը կայացվել է Թուրքիայի արձանագրված թռչնի գրիպ (H5N1 տիպի) հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով:
Հրամանի գործողությունը չի տարածվում Թուրքիայից մինչև 2015թ. ապրիլի 23-ը արտահանված ապրանքների վրա:
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի ներկրվող սննդամթերքը սահմանված կարգով ենթարկվում է պարտադիր լաբորատոր փորձաքննության և միայն անհամապատասխանություններ չլինելու դեպքում է թույլատրվում մուտքը Հայաստանի տարածք:
Civilnet











