Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն ակնկալվում է հինգ-վեց ամսվա կտրվածքով. մայիսի 21-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի՝«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի վերաբերյալ հարցին:
Կոստանյանի խոսքով՝ ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց մեծ եղեռնը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» անվանելը շատ կարևոր նշանակություն ուներ ոչ միայն քաղաքական, հասարակական տեսանկյունից: «Այն կունենա նաև իրավական լուրջ հետևանքներ, և ես համոզմունք ունեմ, որ այդ փաստը ՄԻԵԴ-ի ուշադրության կենտրոնից դուրս չի մնա»,- ասաց գլխավոր դատախազը:
Հունվարի 28-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցավ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումը: Գործի վերաբերյալ դատարանի վճիռը դեռ չի կայացվել:
Կոստանյանը նշեց, որ Հայաստանի համար գործը առանձնահատուկ կարևորություն ունի՝ ելնելով երկու հանգամանքից: Նախ՝ առաջին անգամ է՝ Հայոց ցեղասպանության հարցը քննարկման առարկա դառնում միջազգային իրավական հարթությունում: Երկրորդ՝ դատարանում վիճարկվում է հարցը, որ Հայոց ցեղասպանությունը չի կարելի համադրել Հոլոքոստի հետ, այսինքն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից քննարկման առարկա է դարձել Հայոց ցեղասպանությունը բացասական տեսանկյունից դիտարկելու մոտեցումը, ինչը Հայաստանի կառավարության համար գործին միջամտելու անհրաժեշտություն է առաջացրել:
Փերինչեքի գործի մասին
Թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը հայտնի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր գործունեությամբ: Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի:
2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ի վճռում ասված է, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի ազատության իրավունքը:
Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ 2014թ․ հունիսի 3-ին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:
«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում որպես երրորդ կողմ ներգրավվել են Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունները: ՄԻԵԴ-ի Մեծ պալատը 2014թ. սեպտեմբերի 20-ին հաստատեց Հայաստանի մասնակցության հնարավորությունը:
ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է: 2015թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը սկսեց Փերինչեքի գործի քննությունը:
Դողու Փերինչեքը ներգրավված է եղել նաև «Էրգենեքոնի» գործում, որը ծրագրում էր Թուրքիայում տապալել «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանությունը: Թուրքական դատարանը 2014թ. նրան դատապարտել է 117 տարվա ազատազրկման։ Թուրքիայի կառավարությունը 2015թ. սկզբին Փերինչեքի վրայից հանեց երկիրը լքելու արգելքը՝ նրան հնարավորություն տալով մասնակցելու հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում դատալսմանը։
Հունվարի 28-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցավ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումը: Գործի վերաբերյալ դատարանի վճիռը դեռ չի կայացվել: