Գլխավոր Լրահոս

Թուրքիան Բրազիլիայից հետ է կանչել իր դեսպանին

Թուրքիան Բրազիլիայից հետ է կանչել իր դեսպանին
Բրազիլիայի Դաշնային Սենատի դահլիճը: Հունիսի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին այն բանից հետո, երբ Բրազիլիայի Դաշնային սենատը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Թուրքիայի արտգործնախարարությունն իր հայտարարությունում դատապարտել է բանաձևը՝ այն համարելով անպատասխանատվության օրինակ և նշելով, որ բանաձևը «աղավաղում է պատմական ճշմարտությունը և արհամարհում օրենքը»: «Նման բնույթի քաղաքական որոշումները, որոնք ընդունվում են հայկական լոբբիի ազդեցությամբ, չեն կարող փոխել ո՛չ պատմական փաստերը, ո՛չ էլ իրավական նորմերը: Այս համատեքստում մեր տեսակետներն են փոխանցվել Անկարայում Բրազիլիայի դեսպանին, որը կանչվել էր նախարարություն 2015թ. հունիսի 3-ին: Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը հետ է կանչվել Անկարա խորհրդատվությունների նպատակով»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում: «Ամեն անգամ, երբ Թուրքական պետությունը զգում է, որ իր ժխտողական քաղաքականությունը վտանգի տակ է հայտնվում աշխարհում Հայոց ցեղասպանությունը ճանաչող հերթական հայտարարությամբ, նա ճնշում է գործադրում և ցնցում իր դիվանագիտական խողովակները»,- ասել է Հարավային Ամերիկայում Հայ դատի գրասենյակի տնօրեն Ալֆոնսո Տաբակյանը, հաղորդում է արգենտինական Agencia Prensa Armenia կայքը: Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որը ներկայացրել էին սենատորներ Ալոիզիո Նունյես Ֆերեյրա Ֆիլիոն և Խոսե Սեռան, ընդունվել էր հունիսի 2-ին: Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչները Դաշնային սենատի կողմից ընդունված բանաձևը կոչել են «Բրազիլիայում Հայկական հարցի պատմության մեջ ամենակարևոր փաստաթուղթ»: Թեև բանաձևը պաշտոնապես ընդունվել է հունիսի 2-ին, Հայաստանի արտգործնախարարությունը շտապել էր և ավելի շուտ էր հանդես եկել հայտարարությամբ: Մայիսի 29-ին նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր. «Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում