«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը առայժմ չի մեկնաբանում, թե արդյոք HSBC խմբում սպասվող կրճատումները վերաբերելու են նաև իրեն, թե ոչ:
ՍիվիլՆեթի հետ զրույցում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի հաղորդակցության պատասխանատուն ասաց, որ իրենք ծանուցվել են HSBC խմբում սպասվելիք կրճատումների մասին, սակայն ներկայում տեղական մակարդակով հարցի շուրջ որևէ մեկնաբանություն չեն կարող տալ:
Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ ծախսերի կրճատման նպատակով HSBC ամբողջ աշխարհում նախատեսում է կրճատել 25 հազ. աշխատատեղ կամ բանկի ընդհանուր աշխատակազմի մոտ 10 տոկոսը:
Կրճատումները կանդրադառնան ինչպես բանկային, այնպես էլ ներդրումային ստորաբաժանումների վրա: Բանկի ղեկավարությունը մտադիր է վաճառել Թուրքիայի և Բրազիլիայի՝ վնասով աշխատող մասնաճյուղերը:
«Մենք գիտակցում ենք, որ աշխարհը փոխվում է, և մենք նույնպես պետք է փոխվենք: Հենց այդ պատճառով պնդում ենք, որ իրականացվեն ռազմավարական այս քայլերը, որոնք պետք է վերակառուցեն մեր կազմակերպական գործունեությունը»,- ներդրողների և վերլուծաբանների հետ հանդիպմանը, BBC-ի հաղորդմամբ, նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստյուարտ Գուլիվերը:
Վերջին 12 ամսվա ընթացքում բանկի բաժնետոմսերն արժեզրկվել են 9 տոկոսով, սակայն կրճատումների մասին հայտարարությունից հետո HSBC-ի արժեթղթերի գնանշումները Հոնգ Կոնգում բարձրացել են 1 տոկոսով:
Բանկի ղեկավարությունը հաղորդել է, որ մինչև տարեվերջ որոշում կընդունի HSBC-ի կենտրոնակայանը Մեծ Բրիտանիայից Հոնգ Կոնգ տեղափոխելու վերաբերյալ:
Civilnet











