Հունիսի 9-ին Բրազիլիայի արտաքին գերատեսչությունը հայտարարություն է հրապարակել, որով «ափսոսանք է հայտնել Թուրքիայի՝ իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու որոշման առթիվ»:
Ինչպես հաղորդում է արգենտինական Agencia Prensa Armenia կայքը, հայտարարության մեջ մատնանշվում է «Թուրքիայի ԱԳՆ-ի գործածած տերմինաբանությունը»՝ Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ:
«Հունիսի 1-ին Թուրքիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն և ընդունվել ԱԳՆ-ի գլխավոր քարտուղար, դեսպան Սերխիո Դանեսեի կողմից: Վերջինս մանրակրկիտ պարզաբանել է Սենատում ընթացող վերջին ընթացակարգերը, բանաձևի նշանակությունն ու հարցի շուրջ Բրազիլիայի ավանդական դիրքորոշումը, որն անփոփոխ է մնում: Նույն պարզաբանումը գլխավոր քարտուղարը տվել է Հայաստանի դեսպանին»,- ասված է Բրազիլիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Բրազիլիայի արտաքին գերատեսչությունը նաև հայտարարել է, որ «Սենատը գործել է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում և երկրի սահմանադրությամբ ամրագրված՝ իշխանությունների տարանջատման սկզբունքին համապատասխան»: Բրազիլիայի կառավարությունն ակնկալում է, որ «Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները, որոնք երկուստեք սահմանվում են որպես ռազմավարական, շուտով կվերադառնան նախկին հուն»:
Հունիսի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին այն բանից հետո, երբ Բրազիլիայի Դաշնային սենատը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:
Թուրքիայի արտգործնախարարությունն իր հայտարարությունում դատապարտել է բանաձևը՝ այն համարելով անպատասխանատվության օրինակ և նշելով, որ բանաձևը «աղավաղում է պատմական ճշմարտությունը և արհամարհում օրենքը»:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որը ներկայացրել էին սենատորներ Ալոիզիո Նունյես Ֆերեյրա Ֆիլիոն և Խոսե Սեռան, ընդունվել էր հունիսի 2-ին:
Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչները Դաշնային սենատի կողմից ընդունված բանաձևը կոչել են «Բրազիլիայում Հայկական հարցի պատմության մեջ ամենակարևոր փաստաթուղթ»:
Թեև բանաձևը պաշտոնապես ընդունվել է հունիսի 2-ին, Հայաստանի արտգործնախարարությունը շտապել էր և ավելի շուտ էր հանդես եկել հայտարարությամբ: Մայիսի 29-ին նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր. «Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի»: