Գլխավոր Լրահոս

Իրանը ռուսական ինքնաթիռներին թույլատրել է թռչել Սիրիա

Իրանը ռուսական ինքնաթիռներին թույլատրել է թռչել Սիրիա

Թեհրանը թույլատրել է Սիրիայի համար մարդասիրական օգնություն փոխադրող ռուսական ինքնաթիռների թռիչքը իր օդային տարածքով: Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Թեհրանում Ռուսաստանի դեսպանության մամուլի հարցերով կցորդ Մաքսիմ Սուսլովի խոսքը:

Դիվանագետը գործակալության հետ հեռախոսազրույցում ասել է, որ «այսօրվա դրությամբ Ռուսաստանի դեսպանատունը ստացել է մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով Սիրիա մեկնող ռուսական ինքնաթիռների հայցված բոլոր թռիչքների թույլտվություն»: Սուսլովը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունն այս հարցի առնչությամբ սերտ կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ:

Նախօրեին Բուլղարիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-24-ը երկրի օդային տարածքը փակ է լինելու Սիրիա մարդասիրական օգնություն փոխադրող ինքնաթիռների համար: «Օդանավի բեռների վերաբերյալ տեղեկատվությունը, որին մենք տիրապետում ենք, մեզ ստիպում է լուրջ անհանգստանալ: Այս է մերժման պատճառը»,- ասել էր Բուլղարիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բետինա Ժոտևան: Մոսկվան Սոֆիայից այս կապակցությամբ պարզաբանում է պահանջել:

Սեպտեմբերի 7-ին Հունաստանը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը խնդրել է փակել օդային տարածքը Սիրիա մեկնող ռուսական ինքնաթիռների համար: Աթենքը Մոսկվայի համար օդային միրջանցքը չէր փակել, սակայն ռուսական կողմը հայտարարել էր, որ կարող է այլընտրանքային երթուղի ընտրել:

Օրերս միջազգային լրատվամիջոցները հաղորդել էին, որ ռուսական էքսպեդիցիոն կորպուսը ափ է իջել Սիրիայում և մասնակցում է այնտեղ ընթացող ռազմական գործողություններին, ընդ որում՝ ոչ միայն «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման, այլև սիրիական ընդդիմության դեմ:

Ռուսաստանի արտգործնախարարությունը սեպտեմբերի 9-ին պարզաբանել է Սիրիայում ռուս զինվորականների ներկայությունը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով` նրանք ռազմական մասնագետներ են, որոնք սիրիացիներին օգնում են յուրացնել ռուսական ռազմատեխնիկան:

«Կարող եմ հաստատել և կրկնել, որ Սիրիայում կան նաև ռուս ռազմական մասնագետներ, որոնք օգնում են յուրացնել մատակարարվող տեխնիկան»,- ասել է Զախարովան:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը երբեք գաղտնի չի պահել Սիրիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Ռուսական կողմը վաղուց է Սիրիային մատակարարում ռազմական տեխնիկա` համապատասխան պայմանագրերի և միջազգային իրավունքի:

ՍիվիլՆեթը Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի նոր սրացումների, պատերազմում ռուսական կողմի ներգրավվածության և սիրիական հարցի շուրջ Թուրքիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առնչությունների մասին նախօրեին զրուցել է արաբագետ Հայկ Քոչարյանի հետ: Հարցազրույցը` ստորև:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում