Լուսանկարը` Բաքվում աշխարհի գավաթի խաղարկության պաշտոնական կայքից:
Հայաստանի պատվիրակության առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլ:
Սեպտեմբերի 12-ին նա սևերով պարտության է մատնել լյուքսեմբուրգցի Միքայել Վիդենկելլերին. առաջին պարտիայում հայ գրոսմայստերը նույնպես հաղթանակ էր տարել:
Արոնյան-Վիդենկելլեր երկրորդ պարտիան ձգվել է մոտ երեք ժամ. Արոնյանը մրցակցին ստիպել է հանձնվել 50-րդ քայլում:
Երկրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին: Հայաստանի մյուս ներկայացուցիչը երկրորդ փուլում Հրանտ Մելքումյանն է: Գաբրիել Սարգսյան-Մատեուշ Բարտել և Սամվել Տեր-Սահակյան-Նիկիտա Վիտյուգով դիմակայություններում հաղթողը չի որոշվել. Այս զույգերի բոլոր պարտիաներն ավարտեվել են ոչ ոքի: Մրցակիցները հաջորդ փուլի ուղեգիրը վիճարկելու են այսօր:
Աշխարհի գավաթի խաղարկությունը Բաքվում մեկնարկել է սեպտեմբերի 11-ին: Խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:
Աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներին կարող եք հետևել այստեղ:
Civilnet











