Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն Իրանի հանդեպ շատ սխալներ է թույլ տվել և պետք է հատուցի. Ռոհանին՝ CBS-ին

ԱՄՆ-ն Իրանի հանդեպ շատ սխալներ է թույլ տվել և պետք է հատուցի. Ռոհանին՝ CBS-ին

Սա հուլիսյան պատմական համաձայնագրից ի վեր արևմտյան լրագրողի հետ Ռոհանիի առաջին հարցազրույցն էր:

Շատ դժվար համաձայնություն էր՝ բազմաթիվ վայրիվերումներով, սակայն մեր ընտրած ճանապարհը ճիշտ է. Իրան-Վեցյակ համաձայնագրի մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին CBS հեռուստաալիքի թղթակից Սթիվ Քրոֆթի հետ հարցազրույցի ընթացքում: Սա հուլիսյան պատմական համաձայնագրից ի վեր արևմտյան լրագրողի հետ Ռոհանիի առաջին հարցազրույցն էր: Դրանից որոշ հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև:

«Համաձայնության ու փոխըմբռնման հասնելն ինքնին մեծ հաջողություն է երկու կողմերի համար»,- այսպես է պատասխանել Հասան Ռոհանին հարցին, թե ինչ է տվել համաձայնագիրը: Նա կարծում է, որ համաձայնագրի շնորհիվ կողմերը հասել են այն նպատակներին, որոնք հետապնդել են առաջին օրվանից՝ շարունակել խաղաղ գործողությունները (միջուկային ոլորտում), վերացնել պատժամիջոցները, չեղարկել Իրանի դեմ «անարդար բանաձևերը»:

Սթիվ Քրոֆթը մեջբերում է համաձայնագրի ընդդիմախոսներին, որոնց պնդմամբ՝ ԱՄՆ-ը շատ ավելի մեծ զիջումների է գնացել՝ Իրանի համեմատ. Միացյալ Նահանգները համաձայնել է վերացնել պատժամիջոցները՝ Իրանի կողմից միջուկային ոլորտում գործողությունները ժամանակավորապես՝ 15 տարով սառեցնելու պայմանով, որից հետո Իրանը ազատ կլինի ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները դադարեցնելու կամ վերսկսելու հարցում՝ ներկայիս համեմատ շատ ավելի մեծ ռեսուրսներով:

Այդ պնդմանը Ռոհանին հակադարձում է, որ եթե երկիրն իր ունեցած տեխնիկական ռեսուրսներով ցանկանար ատոմային ռումբ ստեղծել, «այս համաձայնագիրը շատ վատ համաձայնագիր կլիներ այդ երկրի համար, քանի որ ատոմային ռումբ ստեղծելու համար բոլոր կողմերից սահմանափակումներ է մտցնում»:

«Մենք ցանկանում էինք, որ սխալ մեղադրանքը, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում, ուղղվի և լուծվի: Այս գործարքով մենք համաձայնել ենք որոշ ժամանակահատվածով սահմանափակումների գնալ՝ աշխարհում ավելի մեծ վստահություն ձեռք բերելու նպատակով»,- ասում է Իրանի առաջնորդը:

ԱՄՆ-ը շարունակո՞ւմ է «Մեծ սատանա» համարվել

CBS-ի թղթակիցը նկատում է, որ Ռոհանին Իրան-Վեցյակ բանակցությունների մասին իր հայտարարություններում բավական զուսպ է եղել, մինչդեռ երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շարունակում է Միացյալ Նահանգները «Մեծ սատանա» կոչել:

-Դուք կարծո՞ւմ եք, որ ԱՄՆ-ը «Մեծ սատանա» է:

-Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի և Իրանի միջև գոյություն ունեցած թշնամանքը, հեռավորությունն ու հակասությունները, վստահության պակասը արագ չեն վերանա: Կարևոր է, թե որ ուղղությամբ ենք շարժվում՝ այդ թշնամանքը խորացնելո՞ւ, թե՞ նվազեցնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ թշնամանքը նվազեցնելու ուղղությամբ առաջին քայլերն ենք ձեռնարկել:

-Դուք կարծո՞ւմ եք, որ ԱՄՆ-ը «Մեծ սատանա» է:

-Մեր կրոնական բառապաշարում այդ բառն օգտագործվում է բնորոշելու այն ուժին, որը մոլորեցնում է ուրիշներին, և որի խոսքերը հստակ չեն, չեն համապատասխանում իրականությանը: Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն անցյալում շատ սխալներ է թույլ տվել Իրանի հանդեպ, և պետք է հատուցի դրանց համար:

-Վստահ եմ՝ հասկանում եք, որ շատ ամերիկացիների համար դժվար է հաշտվել փաստի հետ, որ նախագահ Օբաման համաձայնագիր է կնքել մի երկրի հետ, որն ասում է՝ «Մա՛հ Ամերիկային, մա՛հ Իսրայելին»: Ինչպե՞ս եք դա մեկնաբանում:

Ռոհանին կարծում է՝ համաձայնության ու փոխըմբռնման հասնելն ինքնին մեծ հաջողություն է երկու կողմերի համար:

-Այս կարգախոսը ամերիկացի ժողովրդի դեմ չէ: Մեր ժողովուրդը հարգում է ամերիկացիներին: Իրանցիները որևէ երկրի հետ պատերազմելու ձգտում չունեն, սակայն միևնույն ժամանակ ԱՄՆ-ի քաղաքականությունը դեմ է եղել իրանցիների ազգային շահերին: Մենք չենք կարող մոռանալ անցյալը, բայց պետք է դեպի ապագա նայենք:

-«Մա՛հ Ամերիկային»-ը շատ պարզ ձևակերպում է՝ երեք բառ, և մեկնաբանման համար քիչ տեղ կա: Տեսնո՞ւմ եք այն օրը, երբ այդ բառապաշարն այլևս չի գործածվի: Դուք անձամբ խրախուսել եք երկու կողմերին փորձել «նվազեցնել ջերմաստիճանը»:

-Եթե Ամերիկան մի կողմ դնի ատելությունը, եթե բարի կամք դրսևորի և հատուցի անցյալի համար, ԱՄՆ-ի և Իրանի միջև իրադրությունն ապագայում կփոխվի:

-Միացյալ Նահանգները համաձայնագիր է կնքել Իրանի հետ՝ պատժամիջոցները վերացնելու շուրջ, արդյոք դա բարի կամքի դրսևրում չէ՞:

-Համաձայնագիրը դեռ կյանքի չի կոչվել… պատժամիջոցների վերացումը պետք է գործի դրվի:

Սիրիա. նախ՝ վերացնել ահաբեկիչներին, ապա՝ խոսել քաղաքականության մասին

CBS-ին տված հարցազրույցում Իրանի նախագահը անդրադարձել է նաև Սիրիայում ստեղծված իրադրությանը: Նա վստահ է, որ այդ երկրում առաջնային խնդիր է ահաբեկչության վերացումը, որից հետո կարելի է խոսել նոր սահմանադրության ու նոր իշխանության մասին:

«Երկրի մեծ մասը բռնազավթել են ահաբեկիչները, տեղի է ունենում արյունահեղություն, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են, ինչպե՞ս կարելի է պայքարել ահաբեկիչների դեմ առանց այդ երկրի կառավարության աջակցության»,- ասում է Ռոհանին:

Ռոհանին Նյու Յորքում Օբամային հանդիպելու մտադրություն չունի:

Օբամայի հետ հանդիպելու մտադրության մասին

Հարցազրույցի վերջում Իրանի առաջնորդը պատասխանել է նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին:

-Մտադի՞ր եք հանդիպել նախագահ Օբամային, երբ հաջորդ շաբաթ լինեք Նյու Յորքում:

-Նման պլաններ չկան: Կարծում եմ՝ նախքան այդ փուլին հասնելը դեռ շատ քայլեր պետք է ձեռնարկվեն:

-Ի՞նչ կասեք հեռախոսազանգի մասին:

-Մեկ անգամ դա անհրաժեշտ էր: Պարոն Օբաման զանգահարեց, խոսեցինք: Կարևորը այս առանցքային համաձայնագրի իրագործման ուղղությամբ մեր ջանքերն են. եթե դրական քայլեր անենք, ապագայում իրավիճակը կփոխվի:

***

Հուլիսի 14-ին Իրանն ու միջազգային միջնորդների Վեցյակի երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան) համաձայնության են հասել իրանական միջուկային ծրագրի շուրջ: Ըստ համաձայնության` Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին թույլ կտա մուտք ունենալ իր բոլոր, այդ թվում` ռազմական օբյեկտներ, սակայն տեսուչները չեն ունենա ցանկացած պահի և ցանկացած օբյեկտում հայտնվելու իրավունք; Իրանը համաձայնել է, որ պատժամիջոցները կարող են վերականգնվել 65 օրվա ընթացքում, եթե Թեհրանը խախտի համաձայնագիրը; զենքի մատակարարումների արգելքը պետք է վերացվի հինգ տարվա ընթացքում; նավթի և գազի վաճառքի, ֆինանսական գործարքների, ավիացիայի և նավագնացության ոլորտներում պատժամիջոցները կվերացվեն, և միլիարդավոր դոլարների իրանական ակտիվները կապասառեցվեն:

Փարչինի ռազմակայան

Օգոստոսին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված նամակում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է տնտեսական ճնշում գործադրել և ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ այն դեպքում, եթե վերջինս խախտի միջազգային միջնորդների Վեցյակի հետ համաձայնությունը:

Օրերս ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Իրան կատարած այցի շրջանակում այցելել է Փարչինի ռազմակայան, որտեղ, արևմտյան փորձագետների կարծիքով, միջուկային փորձարկումներ են անցկացվում: Սա ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների՝ վերջին տարիներին Փարչին կատարած առաջին այցն էր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում