Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը համապատասխան պաշտոնյաներին հանձնարարել է համակարգել Հայաստան-Իրան երկաթգծի նախագծի ուղղությամբ աշխատանքները. այս մասին կառավարության սեպտեմբերի 25-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` ամփոփելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի` օրերս Չինաստան կատարած այցի արդյունքները:
Ճշմարիտյանի խոսքով` մասնավորապես կոմերցիայի և առևտրի գծով նախարարի տեղակալին հանձնարարվել է ուսումնասիրել տեխնիկատնտեսական հիմնավորումները, այն ապրանքների ծավալը, որոնք այդ երկաթգծով կարող են փոխադրվել:
Նա նշել է, որ բանակցություններն ընդհանուր անցել են բավական կառուցողական մթնոլորտում:
Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ ֆինանսավորման մասով չինական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք կբերվի տեխնիկատնտեսական հիմնավորումն ու ծրագրի շահութաբերության աստիճանը ուսումնասիրելուց հետո:
Նա վստահեցրել է, որ չինական կողմը շահագրգռված է երկաթգծի կառուցման հարցում. «Որովհետև հիմնական մեխը այդ ծրագրի այն է, որ Չինաստանը կապվի Եվրոպայի հետ»,- ասել է Ճշմարիտյանը:
***
Հայաստան-Իրան երկաթուղու նախագիծը Հայաստանի տարածքում ենթադրում է ավելի քան 300 կմ երկաթգծի կառուցում: Նախագծի իրականացման հավակնորդներից է Դուբայում գրանցված և Սինգապուրում ու Վիրջինյան կղզիներում ներկայացուցչություններ ունեցող «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը:
Անցյալ տարվա փետրվարին ընկերության ներկայացուցիչները Երևանում հայտարարել էին, որ Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային ընկերության (CCCC International) կողմից պատրաստված տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն՝ Գագարին-Ագարակ 304,7 կմ ընդհանուր երկարությամբ երկաթուղու կառուցման ներդրումները գնահատվել են 3,2 մլրդ դոլար։ Երկաթգիծը բաղկացած է լինելու 19,6 կմ ընդհանուր երկարությամբ 84 կամրջից և 102,4 կմ ընդհանուր երկարության ունեցող 60 թունելից։ Երկաթգծի 1 կմ-ի կառուցման միջին արժեքը կազմում է 10,5 մլն դոլար, ինչը պայմանավորված է ինժեներական կառույցների բազմաքանակությամբ։ Երկաթգիծը պետք է անցնի նաև 2 թունելով, որոնց յուրաքանչյուրի երկարությունը 13 կմ է։
Civilnet











