Գլխավոր Լրահոս

Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Սերժ Սարգսյան

Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը «Կարնեգի» հիմնադրամում հանդիպել է ԱՄՆ փորձագիտական հանրության ներկայացուցիչներին:

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, եթե թուրքական կողմը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայտարարել է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ քննարկումների ընթացքում:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ մոտ ժամանակներում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը քիչ հավանական է, քանի որ «թուրքական կողմը նման ցանկություն չունի»:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ եղած առկա խնդիրներին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ քննադատել է միայն ադրբեջանական ղեկավարության ոչ կառուցողական դիրքորոշումը սակայն երբեք չի վիրավորել ադրբեջանական ժողովրդին: Հայաստանի նախագահը, թեև տիրապետում է ադրբեջաներենի, չի պատրաստվում ուղիղ դիմել ադրբեջանցիներին: Հայաստանի նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջաներենի իմացությունը որևէ կերպ թերություն չի համարում և ավելացրել է, որ Ադրբեջանի նախագահն իր հերթին որոշ չափով հայերենի է տիրապետում, քանի որ մեծ հայկական շրջապատ է ունեցել:

Հայաստանի նախագահը դրական է գնահատել Ռուսաստանի Դաշնության ներգրավումը Սիրիայում՝ ընդգծելով, որ հայկական կողմը խորապես շահագրգռված է Սիրիայում և Իրաքում խաղաղության հաստատման մեջ:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին խնդիրներին, մասնավորապես, #ElectricYerevan շարժմանը, ապա, Սերժ Սարգսյանի խոսքով, ըստ էության, շարժմանը մասնակցող քաղաքացիների պահանջները հասկանալի էին, սակայն անիրատեսական, ինչն իր կարծիքով ապացուցում են նաև անկախ մասնագետները: Հայաստանի նախագահի համոզմամբ՝ անկախ երկիր լինելը ոչ միայն իրավունքներ, այլև պարտավորություններ է նախատեսում:

Նախագահ Սարգսյանն ասել է նաև, թե կարող է կանխատեսել, թե ով հավանաբար կդառնա Հայաստանի Հանրապետության հաջորդ ղեկավարը, «սակայն այդ մարդու անունն առայժմ չի տա մի շարք պատճառներով»:

***

Փետրվարի կեսին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովից հետ է կանչել 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները:

«Պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը»,- ասված էր փետրվարի 16-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին Սերժ Սարգսյանի հղած նամակում, որով տեղեկացնում էր արձանագրություները հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ:

2010թ. ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին՝«հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում