Գլխավոր Լրահոս

Արցախում տրվել է Էկոգյուղի ծրագրի մեկնարկը

Արցախում տրվել է Էկոգյուղի ծրագրի մեկնարկը

Արցախի կառավարությունն ու «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն այսօր Ստեփանակերտում ազդարարել են Արցախում Էկոգյուղի հիմնման ծրագրի մեկնարկը, հաղորդում է IdeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը:

Ծրագրի նպատակը Ասկերանի շրջանում զբոսաշրջության, էկոգյուղատնտեսության զարգացման և կրթական համալիրի ստեղծումն է: Հեղինակավոր մասնագետներն ու փորձագետները կփոխանցեն հյուրընկալության, էկոլոգիական շինարարության ու էկոգյուղատնտեսության ոլորտներում առաջատարն փորձը՝ նպաստելով տեղի մասնագիտական կարողությունների զարգացմանը:

«Համալիրն ընդգրկելու է համապատասխան ուսումնական կենտրոններ, զբոսաշրջային ենթակառուցվածքներ, մոդելային էկոֆերմա, էկոարտադրության կազմակերպման հնարավորություններ: Զբոսաշրջային ենթակառուցվածքների լայն համակարգի ստեղծման շնորհիվ՝ էկոգյուղի համալիրը գրավիչ վայր կդառնա զբոսաշրջիկների համար: Ծրագրի իրագործումը ոչ միայն կնպաստի տարածաշրջանի առանձնահատկությունն ընդգծող և դրանք աշխարհին ճանաչելի դարձնող բրենդի զարգացմանը, այլև տարածաշրջանի համար կստեղծի տնտեսական զարգացման նոր հնարավորություններ»,- ասված է IDeA-ի հաղորդագրությունում:

Ծրագիրը Ստեփանակերտում ներկայացրել են խորհրդատու կազմակերպությունների՝ շվեյցարական Gutundgut ընկերության ներկայացուցիչներ Ռաֆայել Էնզլերն ու Քրիստիան Մյուլլերը և բրիտանական Tim Flynn Architects ընկերության ղեկավար Թիմ Ֆլինը, Շնորհանդեսին ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, IDeA հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, հյուրեր:

Ծրագիրն իրականացվելու է IDeA հիմնադրամի կողմից՝ Արցախի իշխանությունների աջակցությամբ:

«Մենք շատ երկար քննարկումներ ունեցանք թե՛ Արցախի կառավարության, թե՛ արցախցիների հետ: Կարևոր էր, որ այն չդառնա զուտ արտասահմանյան նախագիծ, երբ մարդիկ այցելում, հանգստանում՝ գնում են, այլ իսկապես ընդգրկված լինի արցախյան էկոհամակարգում, լինի Արցախի ընդհանուր նախագիծը: Հիմքում այն գաղափարն է, թե ինչպես պահպանելով անցյալը, մեր յուրահատկությունը՝ առաջ նայենք, և ոչ միայն տնտեսական, այլև կրթական զարգացում կարողանանք ապահովել: Այդ բալանսը դժվար էր գտնել: Մենք հասկացանք, որ պետք է օրինակով ցույց տալ այդ ամենը: Շնորհակալ եմ շվեյցարացի մեր գործընկերներին, ովքեր ընկալեցին այդ ամենակարևոր խնդիրը»,- ասել է IDeA հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում կարևորել է ծրագրի նշանակությունը հանրապետության և նրա տնտեսության համար: «Էկոզբոսաշրջության զարգացման յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն ուղղակի և անուղղակի կերպով առնչվում է տարբեր ոլորտների հետ: Դա բնության ու պատմամշակութային ժառանգության պահպանումն է, ենթակառուցվածքների և հյուրանոցների ցանցի արդիականացումն ու ընդլայնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, տեղական արտադրության խթանումը, ծառայությունների ոլորտին նոր որակ հաղորդելը, տարբեր երկրների հետ կապերի զարգացումն ու խորացումը, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելը և այլն: Բնական է, որ ծրագրի իրականացումն իր դրական ազդեցությունը կունենա մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա»,- ասել է Սահակյանը:

Նա երախագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին՝ ընդգծելով, որ նրա մասնակցությունը ծրագրին լուրջ նախադրյալներ է ստեղծում այն հաջողությամբ իրականացնելու համար:

Նախնական գնահատականներով՝ նախագծի իրականացման համար կներդվի շուրջ 20 մլն դոլար: Աշխատանքները կմեկնարկեն 2015թ. ընթացքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում