Գլխավոր Լրահոս

Թուրքիան ողջունում է Փերինչեքի գործով վճիռը և այն համարում նախադեպ

Թուրքիան ողջունում է Փերինչեքի գործով վճիռը և այն  համարում նախադեպ
Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` ողջունելով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի վճիռը: «Հիմնվելով ժողովրդավարության և օրենքի սկզբունքների վրա` մենք վճիռը համարում ենք շատ ուժեղ ազդանշան` ընդդեմ «ցեղասպանություն» պնդումը` որպես միակ և բացարձակ ճշմարտություն պարտադրելու բոլոր ջանքերի, ինչպես նաև փորձերի և գործնական քայլերի, որոնք արգելում են անգամ այն կասկածի տակ առնելը: Վճիռը զգալի իրավական ձեռքբերում է ժողովրդավարության, խոսքի արտահայտման ազատության և մարդու իրավունքների ու այն քաղաքականության տեսանկյունից, որը Թուրքիան վարում է վերջին տարիներին` 1915-ի իրադարձությունների հարցում դրսևորելով համբերություն և զսպվածություն: Համաձայն վճռի` 1915-ի իրադարձությունները իրավական բանավեճի առարկա են, և այդ ժամանակաշրջանում տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր կարծիքները պաշտպանված են խոսքի արտահայտման ազատությամբ: Նմանապես, որևէ կերպ հնարավոր չէ համեմատել 1915-ին կատարվածը Հոլոքոստի հետ: Վճիռն ամրագրել է փաստը, որ խորհրդարաններն ու առաջնորդները իրավասու չեն վերաշարադրել պատմությունը` դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից: Այն նաև խոստովանում է, որ դատարանները չեն կարող դատավճիռ կայացնել պատմության վերաբերյալ` անտեսելով համապատասխան դատական նորմերը: Վճիռը նախադեպ կստեղծի նմանատիպ գործերի համար` որպես մարդու իրավունքների եվրոպական դատական պրակտիկայի կարևոր աղբյուր: Վճիռը նաև շրջադարձային է, քանի որ պատասխան է երաշխավորում պատմությունն ու իրավունքը քաղաքական դրդապատճառներով շահագործելուն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում: Մարդու իրվունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հոկտեմբերի 15-ին հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը` սահմանելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի արտահայտման ազատությունը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երեկ հանդես էր եկել վճռի առնչությամբ հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են: Հայաստանն ու Թուրքիան գործում ներգրավված էին որպես երրորդ կողմ: *** Թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը հայտնի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր գործունեությամբ: Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: 2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ի վճռում ասված էր, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ 2014թ․ հունիսի 3-ին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում: ՄԻԵԴ-ի Մեծ պալատը Փերինչեքի գործի քննությունը սկսել էր այս տարվա հունվարի 28-ին: Դողու Փերինչեքը ներգրավված է եղել նաև «Էրգենեքոնի» գործում, որը ծրագրում էր Թուրքիայում տապալել «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանությունը: Թուրքական դատարանը 2014թ. նրան դատապարտել է 117 տարվա ազատազրկման։ Թուրքիայի կառավարությունը 2015թ. սկզբին Փերինչեքի վրայից հանել է երկիրը լքելու արգելքը՝ նրան հնարավորություն տալով մասնակցելու ՄԻԵԴ-ի Մեծ պալատում դատալսումներին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում