Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտը հանդես է եկել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի վճռի առնչությամբ հայտարարությամբ:
«Մեծ պալատի վճիռը հաստատում է մեծ կարևորությունը, որ տալիս է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խոսքի արտահայտման ազատությանը: Դեռևս շատ վաղ է կանխատեսել այս վճռի իրավական հետևանքները: Կպահանջվի վճռի համակողմանի և համապարփակ վերլուծություն, մինչև որ պարզ դառնա, թե արդյոք դրա կատարումը պահանջում է հակառասիստական օրենքի ավելի զուսպ կիրառում, թե օրենսդրական բարեփոխում»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Շվեյցարիան առավելագույնը վեց ամսվա ընթացքում կզեկուցի Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովին, որը պատասխանատու է անդամ պետությունների կողմից վերջնական վճիռների կատարման վերահսկողության համար, թե ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել. «Զեկույցում պետք է ներկայացվեն գործողությունները, որոնք Շվեյցարիան իրականացրել է` կոնկրետ այս գործով խախտումների հետևանքները վերացնելու, ինչպես նաև նման խախտումներն ապագայում կանխելու համար»:
Մարդու իրվունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հոկտեմբերի 15-ին հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը` սահմանելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի արտահայտման ազատությունը:
Հայաստանն ու Թուրքիան գործում ներգրավված էին որպես երրորդ կողմ: ՀՀ Գլխավոր դատախազությունը երեկ հանդես էր եկել վճռի առնչությամբ հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են:
Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է ՄԻԵԴ Մեծ պալատի վճիռը` այն համարելով նախադեպ:
***
Թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը հայտնի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր գործունեությամբ: Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի:
2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ի վճռում ասված էր, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը:
Շվեյցարիայի կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ 2014թ․ հունիսի 3-ին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:
ՄԻԵԴ-ի Մեծ պալատը Փերինչեքի գործի քննությունը սկսել էր այս տարվա հունվարի 28-ին:
Դողու Փերինչեքը ներգրավված է եղել նաև «Էրգենեքոնի» գործում, որը ծրագրում էր Թուրքիայում տապալել «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանությունը: Թուրքական դատարանը 2014թ. նրան դատապարտել է 117 տարվա ազատազրկման։ Թուրքիայի կառավարությունը 2015թ. սկզբին Փերինչեքի վրայից հանել է երկիրը լքելու արգելքը՝ նրան հնարավորություն տալով մասնակցելու ՄԻԵԴ-ի Մեծ պալատում դատալսումներին։