Գլխավոր Լրահոս

Ռոբերթսոնն ու Քլունին ՄԻԵԴ վճիռը «Հայաստանի համար հաղթանակ» են համարում

Ռոբերթսոնն ու Քլունին ՄԻԵԴ վճիռը «Հայաստանի համար հաղթանակ» են համարում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում հայկական կողմը ներկայացնող աշխարհահռչակ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը և Ամալ Քլունին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` Մեծ պալատի` հոկտեմբերի 15-ի վճիռը բնորոշելով «հաղթանակ Հայաստանի համար»: «Հայաստանը գործում ներգրավվել էր մեկ պատճառով` դատարանի ստորին պալատը կասկածի տակ էր դրել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Որպես փաստաբան` մենք ձգտել ենք ուղղել այս լրջագույն սխալը, և Մեծ պալատն այդպես էլ արեց: Այօրվա [հոկտեմբերի 15] վճիռը չի վիճարկում Հայոց ցեղասպանության փաստը. տասը դատավոր ասաց, որ հարցը չպետք է քննարվեր ընդհանրապես, ընդ որում` յոթը փաստեցին, որ «Հայոց ցեղասպանությունը հստակ ամրագրված պատմական փաստ է»»,- ասված է հայտարարության մեջ: Փաստաբաններ Ռոբերթսոնն ու Քլունին նշում են, որ վճիռը նաև ճանաչում է հայերի` եվրոպական իրավունքով հարգված և պաշտպանված արժանապատվության իրավունքը: Նրանք նշում են, որ դատարանի` խոսքի արտահայտման ազատությունը կարևորող որոշումը կարևոր հետևանքներ կունենա Թուրքիայի համար, որը Եվրոպական դատարանում ներկայացված պետությունների շրջանում ունի վատագույն ցուցանիշները խոսքի ազատության տեսանկյունից: «Թուրքիան այլևս չի կարող արդարացնել Հրանտ Դինքի պես մարդկանց քրեական հետապնդումները, որոնք Հայոց ցեղասպանության իրականության մասին գրելով` Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիմքով մեղադրվում են «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ: Այս հետապնդումները հստակ հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված խոսքի ազատության իրավունքին, ինչպես մեկնաբանված է Փերինչեքի գործում: Մենք բոլորս Թուրքիային կոչ ենք անում չեղյալ հայտարարել 301-րդ հոդվածը և դադարեցնել դրա շրջանակում իրականացվող չարամիտ հետապնդումները»,- ասված է հայտարարության մեջ: Մարդու իրվունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հոկտեմբերի 15-ին հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը` սահմանելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի արտահայտման ազատությունը: Հայաստանն ու Թուրքիան գործում ներգրավված էին որպես երրորդ կողմ: ՀՀ Գլխավոր դատախազությունը երեկ հանդես էր եկել վճռի առնչությամբ հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են: Թուրքիան ողջունել է ՄԻԵԴ Մեծ պալատի վճիռը` այն համարելով նախադեպ: *** Թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը հայտնի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր գործունեությամբ: Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: 2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ի վճռում ասված էր, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ 2014թ․ հունիսի 3-ին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում: ՄԻԵԴ-ի Մեծ պալատը Փերինչեքի գործի քննությունը սկսել էր այս տարվա հունվարի 28-ին: Դողու Փերինչեքը ներգրավված է եղել նաև «Էրգենեքոնի» գործում, որը ծրագրում էր Թուրքիայում տապալել «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանությունը: Թուրքական դատարանը 2014թ. նրան դատապարտել է 117 տարվա ազատազրկման։ Թուրքիայի կառավարությունը 2015թ. սկզբին Փերինչեքի վրայից հանել է երկիրը լքելու արգելքը՝ նրան հնարավորություն տալով մասնակցելու ՄԻԵԴ-ի Մեծ պալատում դատալսումներին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում