Գլխավոր Լրահոս

Փերինչեքի գործով վճռին Թուրքիայի արձագանքն էժանագին շահարկում է. ՀՀ ԱԳՆ

Փերինչեքի գործով վճռին Թուրքիայի արձագանքն էժանագին շահարկում է. ՀՀ ԱԳՆ
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է, որում, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկրորդ պալատի 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշման վրա, դատողություններ են արվում նույն գործով ՄԻԵԴ հոկտեմբերի 15-ի որոշման վերաբերյալ։ Սա պարզունակ մանիպուլացիա է։ Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` News.am-ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի ԱԳն արձագանքը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ վճռին: Մարդու իրվունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հոկտեմբերի 15-ին հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը` սահմանելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի արտահայտման ազատությունը: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ` ոջունելով ՄԻԵԴ վճիռը և այն համարելով նախադեպ: ՀՀ Գլխավոր դատախազությունն իր հայտարարության մեջ նշել էր, որ Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են: Հայաստանն ու Թուրքիան գործում ներգրավված էին որպես երրորդ կողմ: *** Թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը հայտնի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր գործունեությամբ: Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: 2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ի վճռում ասված էր, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ 2014թ․ հունիսի 3-ին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում: ՄԻԵԴ-ի Մեծ պալատը Փերինչեքի գործի քննությունը սկսել էր այս տարվա հունվարի 28-ին: Դողու Փերինչեքը ներգրավված է եղել նաև «Էրգենեքոնի» գործում, որը ծրագրում էր Թուրքիայում տապալել «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանությունը: Թուրքական դատարանը 2014թ. նրան դատապարտել է 117 տարվա ազատազրկման։ Թուրքիայի կառավարությունը 2015թ. սկզբին Փերինչեքի վրայից հանել է երկիրը լքելու արգելքը՝ նրան հնարավորություն տալով մասնակցելու ՄԻԵԴ-ի Մեծ պալատում դատալսումներին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում