Իրանը կարող է լինել Սիրիայում ԱՄՆ-ի «առանցքային գործընկերը»: Հոկտեմբերի 27-ին ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին: Նման ձևակերպումներ Իրանի հասցեին Վաշինգտոնում վաղուց չեն հնչել:
Հայտարարելով ուրբաթ օրը Վիեննայում Սիրիայի հարցով բազմակողմ նախարարական հանդիպման մասին՝ Քըրբին ասել է. «Տարբեր բազմակողմ ձևաչափեր ենք դիտարկում, այնպես որ ներկա լինեն բոլոր առանցքային գործընկերները: Մենք ակնկալում ենք, որ Իրանը կհրավիրվի հանդիպմանը»:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը Իրանին առանցքային գործընկեր է համարում, Քըրբին պատասխանել է. «Նրանց անպայմանորեն գործընկեր չէի անվանի, սակայն ակնհայտ է, որ այս հարցում բազմաթիվ շահագրգիռ կողմեր կան, և մենք իսկապես ակնկալում ենք, որ Իրանը կհրավիրվի հանդիպմանը: Կգան, թե ոչ՝ Իրանի առաջնորդների որոշելիքն է»:
«Մինչև այժմ առանցքային գործընկեր էին համարվում Սաուդյան Արաբիան, Թուրքիան, բայց ոչ անպայմանորեն Ռուսաստանն ու Իրանը» դիտարկմանը ի պատասխան՝ Քըրբին ասել է. «Նրանք կարող են այդպիսին լինել»:
«Առանցքային գործընկեր» ձևակերպումը Պետքարտուղարության խոսնակը գործածել է նաև Ռուսաստանի մասին խոսելիս:
«Ռուսաստանը առանցքային գործընկեր է բազմաթիվ ռազմավարական հարցերում, էլ չասած՝ Իրանի հարցով համաձայնագրում: Կան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնցում մենք կարող ենք և ցանկանում ենք, որոշ դեպքերում՝ համագործակցում ենք Ռուսաստանի հետ»,- ասել է Ջոն Քըրբին:
ԱՄՆ-ը ցամաքային գործողություններ կսկսի Սիրիայում և Իրաքում. Պենտագոն
Ինչպես հաղորդում է NBC News-ը, ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում զինված ուժերի հանձնաժողովի առաջ, հայտարարել է, որ ԱՄՆ-ը կուժեղացնի պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Իրաքում և Սիրիայում՝ աջակցություն ցուցաբերելով տեղական զինված խմբավորումներին ավելի ինտենսիվ ավիահարվածներով և ցամաքային գործողություններով:
Վերջին ժամանակներում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան կրճատել է Սիրիայում ավիահարվածների ինտենսիվությունը: Պենտագոնը պնդում է, որ դա կապված չէ Սիրիայում ՌԴ օպերացիայի հետ:
Արձագանքելով Սիրիայում ցամաքային գործողություններ սկսլեու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությանը՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է. «Դա ազդարարում չէ, ոչ: Դեռ պետք է պարզել մանրամասները՝ ինչ նկատի ունեն: Դեռ պարզ չէ»,- ասել է Պեսկովը:
***
Սեպտեմբերի 30-ին ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, հասցրել են առաջին օդային հարվածները Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին: Նույն օրը՝ ավելի վաղ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Հոկտեմբերի 7-ին օպերացիայում ներգրավվել է նաև ՌԴ ռազմածովային նավատորմը:
Civilnet











