Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հավելյալ հնարավորություն կարող են ստեղծել Հայաստանի համար՝ ռուսական շուկայում որոշակիորեն զբաղեցնելու թուրքական արգելված ապրանքների տեղը: Ռուսաստան-Թուրքիա առևտրաշրջանառության կառուցվածքի դիտարկումը հուշում է, թե հատկապես որ ոլորտներում կարող են հավելյալ հնարավորություններ բացվել Հայաստանի համար:
Զբոսաշրջություն
Ռուսաստանի մշակույթի և տուրիզմի նախարարության տվյալներով՝ 2014թ. Թուրքիա է այցելել Ռուսաստանից մեկնած զբոսաշրջիկների 19%-ը (3.3 մլն մարդ), իսկ Եգիպտոս՝ 15%-ը (2.6 մլն մարդ): Համեմատության համար նշենք, որ Հայաստան այցելել է ռուս զբոսաշրջիկների ընդամենը 0.31%-ը (53.4 հազար մարդ), իսկ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 1.2 մլն մարդ, որից հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորված՝ 164 հազար:
Ռուսաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվը ըստ երկրների 2014թ.
Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ին ռուսական ուղևորատար օդանավի կործանումից հետո Ռուսաստանը դադարեցրեց ավիահաղորդակցությունը դեպի Եգիպտոս և իր քաղաքացիներին հորդորեց ձեռնպահ մնալ այդ երկիր այցելությունից: Փաստորեն, արտասահման մեկնող ռուսաստանցի զբոսաշրջիկների ավելի քան 34%-ը կամ շուրջ 5.85 մլն մարդ սկսելու է հանգստի այլ ուղղություններ որոնել:
Զբոսաշրջիկների գերակշիռ մասը ձգտելու է մեկնել ծովափնյա տաք երկրներ: Բնական է, որ ավելի շատ ռուսաստանցիներ կսկսեն մեկնել Կիպրոս, Իսրայել, Թաիլանդ և հատկապես այն երկրներ, որոնց հետ Ռուսաստանն ունի անայցագիր ռեժիմ: Կբացվեն նաև նոր զբոսաշրջային ուղղություններ, կզարգանա ներքին զբոսաշրջությունը:
Ի՞նչ կարող է անել Հայաստանը: Անհրաժեշտ է ճիշտ մարքեթինգային և գնային քաղաքականություն, Ռուսաստանում Հայաստանի զբոսաշրջային ծառայությունների և պրոդուկտների համակարգված ներկայացում: Չունենալով ծով՝ Հայաստանը կարող է լայնորեն գովազդել իր պատմամշակութային, գաստրոնոմիկ, գյուղական և էքստրեմալ տուրիզմը: Կառավարությունը մասնավոր հատվածին կարող է աջակցել մշակելու զբոսաշրջային հատուկ փաթեթներ, որոնք կառաջարկվեն ռուսական ընկերություններին: Փաթեթները կարող են առաջարկվել նաև Հայաստանում ներկայացված ռուսական ձեռնարկությունների մայր ընկերությունների աշխատակիցներին: Հայաստանի մրցակցային առավելությունը կարող է լինել նաև այն, որ բնակչությունը խոսում է ռուսերեն, զվարճանքի և մշակութային վայրերում լայնորեն կիրառվում է ռուսերենը:
Առևտուր
Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015թ. հունվար-սեպտեմբերին Թուրքիայից ներմուծումը կազմել է 3.1 մլրդ դոլար, իսկ արտահանումը՝ ավելի քան 15 մլրդ դոլար: Ռուսաստանը հիմնականում ներմուծել է գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ մրգեր՝ 396 մլն դոլար (13%), և բանջարեղեն՝ 352 մլն դոլար (11.5%)։
Թուրքիայից ներմուծված ապրանքների կառուցվածքը 2015թ.
Ռուսաստանի ներմուծման մեջ Թուրքիայի մասնաբաժինը կազմել է 2.28%, իսկ արտահանմանը՝ 5.74%: Չնայած փոքր մասնաբաժնին՝ Թուրքիան որոշ գյուղմթերքի գծով Ռուսաստանի հիմնական մատակարարն է՝ 2014թ. ներմուծված խաղողի 51%-ը (168.3 հազար տ), ծիրանի՝ 45%-ը (17 հազար տ), լոլիկի 43%-ը՝ (365.6 հազար տ) և այլն: Հայաստանը` համապատասխանաբար՝ 2% (6209 տ), 4,8% (1833 տ), 0.01%(122տ) և այլն: Իսկ Հայաստանից նույն ժամանակահատվածում արտահանվել է 4.2 հազար տ ծիրան, 7.8 հազար տ խաղող, 2.5 հազար տ լոլիկ:
2015թ. նոյեմբերի 30-ին Ռուսաստանի կառավարությունը սահմանեց այն գյուղմթերքի ցուցակը, որոնք 2016թ. հունվարի 1-ից արգելվելու է ներմուծել Թուրքիայից, այդ թվում՝ խաղող, ծիրան , լոլիկ և վարունգ:
Արգելված գյուղատնտեսական ապրանքները և դրանց ծավալները 2014-2015 թթ.
Ակնհայտ է, որ ներմուծման արգելքի հետևանքով որոշ ապրանքային շուկաներում Հայաստանի համար արտահանման նոր հնարավորություններ կստեղծվեն: Եթե հիմք ընդունենք ինքնաբավության ցուցանիշը և Հայաստանի արտահանման նախկին տվյալները, ապա Հայաստանը նույնպես կարող է օգտվել այս իրավիճակից և ավելացնել իր արտահանման ծավալները, հատկապես՝ ծիրանի և խաղողի դեպքում:
Հայաստանի ծիրանի հիմնական ցուցանիշները (հազ. տ) 2007-2014 թթ.
Նախորդ տարիների տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ծիրանի բերքատվությունը խիստ կախված է եղանակային պայմաններից: Այնուամենայնիվ, ըստ Ռուսաստանի մաքսային ծառայության 2013թ. Ռուսաստան արտահանվել է 19.6 հազար տ ծիրան՝ ռուսական շուկայի 28%-ը, իսկ թուրքական ծիրանը զբաղեցրել է ռուսական շուկայի 32%-ը: Արդեն 2015թ., չնայած բարձր բերքատվությանը, Ռուսաստան արտահանվել է 6 967 տ հայկական ծիրան՝ շուկայի 16%-ը, մինչդեռ Թուրքիան ապահովել է շուկայի 67%-ը (28 805 տ):
Ռուսաստան ներկրված ծիրանի բաշխումը՝ ըստ երկրների 2015թ. ընթացքում
Խաղողի դեպքում պատկերը հետևյալն է. 2014թ. Հայաստանը ապահովել է Ռուսաստանի խաղողի ներմուծման ընդամենը 2%-ը՝ 6.2 հազար տ, իսկ Թուրքիան՝ ավելի քան 51%-ը՝ 168.3 հազար տ:
Ռուսաստան ներկրված խաղողի բաշխումը ըստ երկրների 2014թ.
Այս դեպքում ևս բարենպաստ պայմաններ կան Հայաստանից արտահանման ավելացման համար:Ըստ գյուղատնտեսության նախարարության 2015թ. հոկտեմբերի դրությամբ արտադրվել է 301 հազար տ (2014թ. hամեմատ՝ արդեն իսկ 15% աճ) և արտահանվել է 10 հազար տ, մթերվել է 209 հազար տ նույնիսկ որոշակի մթերման դժվարություններ պարագայում:
Հայաստանի խաղողի հիմնական ցուցանիշները (հազ. տոննա) 2007-2014 թթ.
Հայաստանի և Ռուսաստանի՝ մեկ տնտեսական տարածքում՝ ԵԱՏՄ-ում գտնվելը պետք է ավելի հեշտացնի Հայաստանից դեպի Ռուսաստան գյուղմթերքի արտահանումը:
Այնուամենայնիվ, թուրքական ապրանքների արգելման դեպքում առաջացած բացը շատ մեծ է լինելու: Հայաստանը պետք է կարողանա մեծացնել նաև կոնկրետ պահանջարկ ունեցող և մրցունակ ինքնարժեքով գյուղմթերքի արտադրությունը, առաջին հերթին՝ խաղողի, ծիրանի, ինչպես նաև պահածոյացված ապրանքների:
Ենոք Հակոբյան
Civilnet











